Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ կաթողիկոսի և Նիկոլ Փաշինյան վարչապետի համագործակցության բոլոր հնարավոր ու անհնարին կամուրջները Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջի օրինակով փլուզված են

Մայիս 29,2024 14:47

Առիթ ունեցել եմ նշելու, որ երբ հալածվում է Վեհափառ Հայրապետը` պետք է հասկանանք, որ հալածվում է Հայ Առաքելական Եկեղեցին, և հավելել եմ, որ դա այդպես է՝ եթե չկա ֆորսմաժորային իրադրություն։ Այսօրվա ներքաղաքական իրավիճակն հենց ֆորսմաժորային է։

Հաշվի առնելով, որ Հայրապետական սրբատառ Կոնդակով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի հռչակվել որպես ազգային-ազատագրական շարժում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի ստանձնել շարժման առաջնորդությունը, կարող ենք արձանագրել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի նախաձեռնել և չի առաջնորդում վերը նշած շարժումը։ Եթե անգամ այսօր Բագրատ սրբազանի փոխարեն ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու ընտրվեր Գարեգին Բ կաթողիկոսը, միևնույն է՝ դա չէր նշանակի, որ Մայր Աթոռն է առաջնորդում շարժումը՝ եթե չկա համապատասխան գրավոր որոշում։ Այս պարագայում շարժման առաջնորդն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ առանձնացվեն իրարից։

Գալով Բագրատ սրբազանի հոգևոր կարգավիճակին, պետք է նկատի ունենանք, որ Վեհափառի համար էլ դժվար իրավիճակ էր ստեղծվել։ Կաթողիկոսը բարձր է գնահատում Բագրատ սրբազանի հավատարմությունն ու նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, բայց մյուս կողմից էլ Բագրատ սրբազանին արգելել ակտիվ քաղաքականությամբ զբաղվել՝ կնշանակեր մերժել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ուստի կայացվել է դժվար որոշում․ դադարեցվել է Բագրատ սրբազանի եկեղեցական և վարչական ծառայությունը մինչ նոր տնօրինություն՝ պահպանելով նրա եպիսկոպոսական կարգը, կամ սրբազանի բառերով «սառեցվել է իր հոգևոր գործունեությունը»՝ հնարավորություն ընձեռելով սրբազան հորը շարունակելու առաջնորդել շարժումը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ՀՀ անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարություն արած Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող էր իր ֆանտազիային տուրք տալ, բայց եկեղեցական հարցերը միշտ պետք է հստակ լինեն ու հասկանալի բոլորի համար։

Մայր Աթոռի ոչ սովորական որոշման մեջ, այդուհանդերձ, ինչ որ անորոշ բան կա, որը հուսով լինենք կփարատվեն «նոր տնօրինությամբ»։ Նկատենք, որ եկեղեցականի հոգևոր ծառայության ընթացքը որևէ պարագայում չպետք է ընդհատվի եթե չկա փիլոնազրկման կամ կարգալուծության որոշում կամ Աստված մի արասցե՝ առողջության հետ կապված խնդիր։

Եթե կա այնպիսի հոգևորական, ում համար որևէ աշխարհիկ կարգավիճակը կամ պաշտոնն ավելի բաղձալի է, քան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում քահանայական բարձր ու պատվավոր կոչում ունենալը, ապա, կարծում եմ, տվյալ հոգևորականի համար ազնիվ ու ոչ պարսավելի կլինի, որպեսզի նա սեփական դիմումի համաձայն թողնի ընդհանրապես հոգևոր կոչումն ու ապրի ու գործի աշխարհիկ կյանքով, ինչպես դա վերջին ժամանակներում արեցին որոշ հոգևորականներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակության մեջ ձևավորել այն տեսակետը, թե իբր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ղեկավարվում է Վեհափառ հայրապետի կողմից, դրանով երեկ Սարդարապատում տեղի ունեցած ոստիկանների արարքը արդարացնելու հեռանկարով։

Եկեղեցի-Պետություն հարաբերություններն այնպիսի հանգրվանի են հասել, որ կամ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նմանատիպ «աննախադեպ» գործողություններով պետք է ստիպի Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջինս սեփական կամքով հրաժարական տալու գործընթաց նախապատրաստի, կամ Վեհափառը ջանք ու եռանդ չպետք է խնայի հասնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականին, որովհետև Գարեգին Բ կաթողիկոսի և Նիկոլ Փաշինյան վարչապետի համագործակցության բոլոր հնարավոր ու անհնարին կամուրջները Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածն իրար կապող կամուրջի օրինակով փլուզված են։ Եթե շարժման սկզբում թեորիապես Բագրատ սրբազանը ցանկության դեպքում կարող էր կաթողիկոս-վարչապետ համագործակցության կամուրջ ստեղծել, ապա երեկվա սարդարապատյան խայտառակ դեպքերը ցույց տվեցին, որ այլևս նույնիսկ թեորիապես դա հնարավոր չէ։ Թէև, ինչպես ասում են․ «Երբեք մի ասա երբեք»։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031