Փաստինֆո. Լոռու մարզպետարանը դեռեւս 2024 թվականի ապրիլին է զգուշացրել Ձորագետ եւ Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին՝ դա պայմանավորելով «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումներով։
«Տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից։ Վերջինս կարող է Զորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ։ Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»,- ապրիլի 19-ին հայտարարել էր Լոռու մարզպետի աշխատակազմը։
Արդյոք ջրամբարից բացթողումներ եղել են այս օրերին՝ «Փաստինֆո»-ի հարցին Լոռու մարզի մարզպետատարանից ասացին, որ իրենք տարածել են մարզպետի անունով ստացված գրությունը որպես հայտարարություն։
«Մենք պաշտոնական գրություն ենք ստացել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ից՝ գլխավոր տնօրեն Անանյանի ստորագրությամբ, ուղղված Լոռու մարզպետին։ Նամակում տնօրենը խնդրել է, որ այդ հայտարարությունը հրապարակվի եւ մենք հրապարակել ենք»,- ասաց Լոռու մարզի մազպետարանի փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Աննա Գասպարյանը։
Կարդացեք նաև
Իհարկե, ՀԷԿ-ն առանձին կառույց է եւ մարզպետարանի ենթակայության ներքո չէ, ավելին, մասնավորն անգամ զգուշացրել է հնարավոր է վարարումների մասին, սակայն մարզպետարանը եւ այլ իրավասու մարմինները, փաստորեն, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ հնարավոր ամրացումներ ու այլ պաշտպանիչ շերտեր կառուցելու համար։
Պետական մարմինը սահմանափակվել է միայն ՍՊԸ-ի նախազգուշացումը տարածելով… սա է իրենց պատկերացումը պետության գործառույթների մասին։