«Ոչնչացնելու քաղաքականություն է վարվում: 90-ականների ազատագրած հողն են հանձնում հիմա, մոռացել են Սյունիքը, Վարդենիսը, Ջերմուկը հետ վերցնելու մասին, եկել մեզ ասում են՝ ոտքով խփել եք անիվին: Տո դուք երկիրն եք եղածով ձախողել, տրորել ու անցել: Չկա արժեք: Էս ոստիկանների ընկերներին 4 հոգու ես եմ հուղարկավորել, ի՞նչ գործ ունեին հոկտեմբերի 4-ին Շուշիում, բանակը մեռե՞լ էր, որ ոստիկաններին էիք տարել, ո՞ւմ հրամանով էին տարել: Իրենք էլ էին զոհված լինելու: Դրա պատասխանը ո՞վ է տվել: Թե՝ հանձնախումբ ունենք: Տո ոչ մի բան էլ դուք չունեք, կեղծավոր մարդկանց շարք, ո՞վ եք դուք ընդհանրապես»,-այսօր ՆԳՆ-ի մոտ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Ներկայումս ԱԺ-ում բյուջեի հաշվետվությունն է քննարկվում: Բագրատ սրբազանը հեգնեց. «Ի՞նչ հաշվետվություն, քանի ոստիկա՞ն եք զոհել: Էս արյունը իրենց վրա է տարածված»:
Բագրատ սրբազանն ասաց, թե իրեն ցնցել է այն, որ ոստիկաններ զոհվեցին Շուշիում. «Նրանցից մեկը զոհվեց՝ զավակը դեռ չծնված, կինը հղի էր: Ո՞վ է այդ մարդկանց պատասխան տվել, մեկը գնացել տեսե՞լ է այդ մարդկանց»:
Կարդացեք նաև
Նա դիմեց ոստիկաններին. «Տղե՛րք, դուք պահանջե՞լ եք պատասխան դրա համար: Ով է տվել հրաման, մարդ կա այնտեղ մեծ-մեծ փրթում է հեռվից, մոխրագույն ներկած մազերով, երեւի ասել են՝ գրավիչ է դա, թող ասի, ո՞վ է տվել հրամանը, ուսումնասիրե՞լ եք, քննե՞լ եք ձեր հանձնախմբով, հանե՞լ եք դա, ի՞նչ անհրաժեշտություն կար ոստիկաններ տանելու: Դե քննեք, բարձրաձայնեք, չես կարում, որովհետեւ սուտ ես խոսելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ