Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում հաջողության կհասնի «սրբազան շարժումը»․ ընդդիմադիր գործչի մեկնաբանությունը

Մայիս 29,2024 14:06

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում սկսված «սրբազան շարժումը» հաջողության կհասնի այն դեպքում, եթե գլխավոր դերակատարները հանուն ճշմարտության հրաժարվեն իրենց կաշկանդող բոլոր հանգամանքներից։

«Շարժումը շատ հավակնոտ անուն է ստացել՝ «սրբազան շարժում», մենք իրոք գնվում ենք ծայրագույն իրավիճակում, երբ «սրբազան շարժման» ցանկացած մասնակից, հատկապես ավանգարդում գտնվող մարդիկ պետք է պատրաստ լինեն հանուն ճշմարտության, հանուն արդարության ամեն բան դնել կողքի՝ իրենց կարգավիճակը, իրենց ընկերային, առևտրային, քաղաքական, բարեկամական կապերը, որոնք կարող են կաշկանդել ու վնաս տալ իրենց՝ ճշմարտությանն ու արդարությանը հասնելու։ Չէ՞ որ իրենք ևս շարժման նպատակներ են հռչակել, իրենք ասում են շարժումն արդարության մասին է։

Մենք՝ հայերս, ապրում ենք կլանային երկրում, որտեղ բոլորը բոլորի հետ համարյա գտնվում են ինչ-որ կապի մեջ, խնամի են, ծանոթ են, բարեկամ են, ընկեր են և այսպես շարունակ։

Հիմա եթե «սրբազան պայքարի» առաջամարտիկները կարողանան բարձր դասել իրենց բոլոր տեսակի կաշկանդող հանգամանքներից և իրոք շարժման նպատակ հռչակեն արդարությունը․ Հայաստանի Հանրապետությունում սոսկալի հանցագործություններ են տեղի ունեցել 2018 թվականից ի վեր, ես կարծում եմ շարժումը կունենա լրջագույն հաջողություններ։

Տեսեք վարչապետի թեկնածու առաջադրվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, բայց սահմանադրական սահմանափակումներ կան, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի երկքաղաքացիություն ունեցող անձնավորության վարչապետի թեկնածու լինելու հարցը մտնի Ազգային ժողով։ Սա նշանակում է, որ հարցը Ազգային ժողովով երևի թե լուծման չտանեն, այլ պիտի տանեն ժողովրդական լայն զանգվածներ փողոց դուրս հանելու միջոցով։

Իսկ ժողովրդական լայն զանգվածներին փողոց հանելու համար, ընդհանրապես երկրի կյանքը պարալիզացնելու համար, որպեսզի ազատվեն չարիքի ռեժիմից, ես նկատի չունեմ միայն Փաշինյան Նիկոլից, պետք է որ երկրի կյանքը կանգնի, պետք է որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց։

Փոքրիկ քայլ ասեմ՝ պետք է, որ հարյուր հազարավոր մարդիկ իրենց առաջնորդի հետ գնան հանրային հեռուստաընկերություն, պահանջեն և ստանան եթեր և այնտեղից ներկայացնեն հանցագործությունները, հանցագործների անունները, որոնք որ երկիրը բերել-հասցրել են այս օրվան։

Պետք է, որ մարդիկ երբ լսեն ինչ-որ մեկը խոսքը, ճշմարտությունը լսելով՝ փշաքաղվեն, դուրս գան փողոց, այդ դեպքում կունենանք իրական փոփոխություններ։

Իսկ եթե պետք է շարունակվի կամ ընթանա կորպորատիվ էթիկետը չպահելու տրամաբանությամբ, սա կլինի հերթական շարժումներից մեկը։

Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դրսևորի բացարձակ ազատություն, որպեսզի կարողանա շարժումը հասցնել իր վերջնանպատակին»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Մեր զրուցակցի ասելով՝ զիջումները լինելու են միակողմանի, քանի որ տեղի է ունեցել ջախջախիչ պարտություն, այս պահին չկա բանակ, Հայաստանի Հանրապետությունը չունի ներուժ։

«Իհարկե, կարող են ասել՝ էս ինչ եք խոսում, մենք չպիտի զիջենք, մենք զիջելու հող չունենք, հիշում եք այդ խոսույթով հանդես էր գալիս վարչապետը 2018-2020 թվականներին և տեսանք ինչի եկանք, հասանք։

Հիմնականում միակողմանի զիջումներից խոսում են այն մարդիկ, որոնք բանակում չեն էլ ծառայել, բանակում չծառայած դեպուտատները, քաղաքական այլ գործիչներ։

Ես վերջերս մի հարցում էի արել իմ ֆեյսբուքյան էջի միջոցով, որտեղ գրել էի, թե առաջնային խնդիրը ո՞րն է Հայաստանի Հանրապետությունում՝ դելիմիտացիայի կասեցո՞ւմը, թե՞ արդարադատության հաստատումը։

Մասնակիցների 85-88 տոկոսը պատասխանել էր՝ առաջնայինն արդարության և արդարադատության հաստատումն է։ aԴելիմիտացիան՝ այդ գործընթացը, համարյա հնարավոր չէ կասեցնել, իսկ արդարության հաստատումը կարող և լինել, կարող է և չլինել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031