Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե հետագայում ո՞ր հատվածներում են սահմանազատման աշխատանքներ իրականացվելու։ Ըստ նրա՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովները կանդրադառնան այս հարցին ու որոշում կկայացնեն հետագա ընթացքի վերաբերյալ։
«Այն հատվածներում, որտեղ ունենք դելիմիտացված սահման, այդտեղ ապահովված են անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքները»,- հայտարարեց Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է փոխհատուցման հետ կապված հարցերին, ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք՝ ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերում։ Այդ ծրագրերն իրականացվում են գաղտնի որոշումներով, դրանք գաղտնի են, որովհետեւ պարունակում են անհատական տվյալներ։ Ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում եւ այն պաշտոնյաները, որոնք հասանելիություն ունեն այդ գաղտնի տեղեկատվությանը, թե այդ ոլորտում ինչ է կատարվում»,- ասաց նա։
Հարցին, որ գյուղացիներից շատերը հայտարարում են, թե հրաժարվում են Կիրանցի դպրոց ուղարկել իրենց երեխաներին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես այդ հարցին էլ եմ պատասխանել Կիրանցում եւ ասել եմ հետեւյալը, որ մենք այդ հարցը կքննարկենք Կիրանցի դպրոցականների ծնողների հետ։ Մենք աշակերտների ծնողների հետ կքննարկենք եւ նրանց ցանկությամբ կկայացնենք որոշում։ Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա այնուամենայնիվ մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, մենք ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք։ Իսկ այդ դպրոցը կհատկացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը, որովհետեւ սահմանապահ ծառայությունը նույնպես ունի շենքային պայմանների կարիք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը՝ Կիրանցի համայնքապետի հետ