Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դեմ Բաքվից ու Անկարայից հնչող քննադատությունները նույնությամբ կրկնում է ՔՊ-ն, ինչո՞վ է սա բացատրվում։ «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Բաքուն ու Անկարան պատրաստ են աջակցել ձեզ, որպեսզի, ինչպես ընդդիմություն է պնդում, կատարեք նրանց բոլոր պահանջները» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ծանոթ չեմ մեկնաբանություններին, ես չունեմ սովորություն մեկնաբանելու մեկնաբանություններ, որոնք անձամբ չեմ կարդացել։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել եւ չի լինի։ Եթե Եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա պետք է տեսնեք ուրիշ տեղ, եւ այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության եւ կառավարող մեծամասնության հետ»։
Անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ, ինչպե՞ս է տեսնում այս քաղաքական ճգնաժամի լուծումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Թե ի՞նչ է ներքաղաքական ճգնաժամ, գրված է քաղաքագիտական դասագրքերում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ բացել այդ ձեւակերպումները եւ հետեւություններ անել, թե մենք ինչքանով համապատասխան իրադրություն ունենք։ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները աշխատել են, աշխատում են եւ կաշխատեն բնականոն հունով»։
Բագրատ սրբազանի հետ հանդիպման վերաբերյալ հարցին նման պատասխան տվեց․ «Ես տարբեր քաղաքացիների հետ հանդիպումներ ունենում եմ։ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր ու ձեւաչափեր կան։ Ովքեր ուզում են հերթագրվել՝ ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ