Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետի հետ զրույցից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց. «Էս մարդիկ կարծում են՝ ինչ ուզում, ասում են ու ջրի հետ պիտի անցնի, գնա: Չկա նման բան: Կիսագողական, ժեստերով-մեստերով, թույլ չի տալիս խոսել: Ուզում ես ինչ-որ բան ասել, ցատկում է մեջ, ընդմիջում, շատ հետաքրքիր է, ո՞նց է էդ պաշտոնին հասել, էն կողքինն էլ հետը՝ փոխոստիկանապետը: Մենք գնահատական չենք տվել, ասում են՝ վիրավորել եք: Մարդկանց փողոցում թքում են վրան, վիրավորանք չի դա, ծեծում-ջարդում են, դա վիրավորանք չի, ասում են՝ լակոտություն եք անում, վիրավորական չի դա: Վեհափառի դիմացը փակում են եսիմ ինչ ենիչերիական շարքերով, ասում են՝ վիրավորական չի դա: Ինչն է վիրավորական՝ ոտքով մեկը անիվի է խփել: Այ դա վիրավորական է շատ: Էս տղերքի դեմքին նայում ես, իրենք էլ ասում են արա, էս ստի տակ ոնց ենք ապրում: Վերեւը որ սուտ է խոսում, մի քիչ ներքեւը պիտի ճի՞շտ խոսի»:
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ զրույցին, նա ասաց. «Եկավ ցուցադրություն անելու: Պետք լինի՝ առանձին էլ կտեսնեմ, իր մասին իրեն կպատմեմ, լրիվ փաստացի տվյալներով: Քաղաքացիների իրավունքը ե՞րբ է սահմանափակվել մեր երկրում: Դագաղ դնելը, Գնդեվանքում վեհափառին բռնելը, «բերեք գցենք ձորը» ասելը, ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, մեքենայի անիվին խփելը վիրավորական է, լակոտություն է, հա՞: Ասում են՝ ո՞վ մեռավ, քեզ թագավոր կարգեց: Ոստիկաններին դարձրել են իրենց գերի, պահել են մոտները, որ վայրկյանին հրաման տան, պիտի անեն: Ալեքսանդր Ցականյան, ամո՛թ, գեներալի կոչում է ստացել, գեներալ, որ դիրք է քանդել: Դիրք պահած մարդկանց դիրք ես քանդել ու դրա համար կոչում ես ստացե՞լ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ