Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ փորձելո՞ւ է հանդիպել ժողովրդին, որն այս օրերին մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին։ «Դուք վախենո՞ւմ եք առերեսվել ժողովրդի հետ» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես այս նույն ընթացքում առերեսվել եւ անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ՝ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում եւ մնացած բոլոր տեղերում։ Եվ ես անընդհատ շփվում եմ ժողովրդի հետ եւ անընդհատ կշփվեմ ժողովրդի հետ»։
Դիտարկմանը, որ շքախմբով է շփվում ժողովրդի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ի՞նչ շքախումբ։ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ենթակա անձանց վերաբերյալ օրենսդրությունն ընդունվել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Եվ այնտեղ արձանագրված է, որ ՀՀ վարչապետը պետական պահպանությունից հրաժարվելու իրավունք չունի։ Այսինքն՝ ՊՊԾ-ն, անկախ նրանից, թե ով է Հայաստանի վարչապետը, իր ծառայությունը պետք է իրականացնի։ Եվ դա օրենսդրորեն իրենց պարտականությունն է։ Եթե այդ պարտականությունը չկատարեն, դրա համար կարող են վրա հասնել պատասխանատվության միջոցառումներ։ Ժողովրդի հետ շփումը եղել է, կա եւ կշարունակի մնալ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ