Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ մայիսի 28-ին արգելվեց Վեհափառի եւ հոգեւորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը եւ նաեւ երեկ պետական արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել։ Եվ երբ երեկ Վերափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգի միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակադրմամբ։ Եվ երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք՝ մասնակցելու կամ չմասնակցելու որեւէ շարժման։ «Խոսքը շարժմանը մասնակցելու մասին չէ, խոսքը սրա մասին է՝ պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտե՞լն է նպատակը, թե՞ ոչ։ Երբ հավաստիացում ու երաշխիքներ են եղել, որ՝ ոչ, որովհետեւ էլի եմ ասում՝ նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել է խոչընդոտելուն միտված, խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձեւավորող գործընթաց։ Դա է եղել ամբողջ պատմությունը»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Իսկ թե ինչ է եղել իրականում՝ դիտեք տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Հիշեցնենք, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում միջոցառումը պետք է տեղի ունենար առնվազն ժամը 9:00-ից ոչ ուշ, քանի որ Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները պետք է շարժվեին մայիսի 28-ին, ժամը 07։30-ին, իսկ ովքեր մեկնելու էին ծառայողական և անձնական օգտագործման փոխադրամիջոցներով՝ պետք է Սարդարապատի հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում լինեին ժամը 08։30-ին, սակայն այդ ժամին պետական պաշտոնյաները չեն գնացել հուշահամալիր։