Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ ժողովրդի թիվ մեկ ազգային արժեքներն են հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը։
«Ընդ որում, ուզում եմ մեկնաբանություն անել բանակի նկատմամբ մեր ընկալման փոփոխության մասին՝ բանակը ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ թե որպես պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես ընդհանրապես մնացած բոլոր պետական ինստիտուտները»,- ասաց նա։
Ազգային արժեքների թվում նա նշեց Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, գիտությունը, հայկական սփյուռքը։
Կարդացեք նաև
«Շարունակելով թվարկումը՝ հայրենիքը, անհատը, ընտանիքը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը։ Փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը, որովհետեւ եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենք իրենց գործողություններով վարկաբեկում եւ զրոյացնում են այն ինստիտուտները, որոնք ժողովրդի համար ունեն ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ։ Դա կառավարության գործն է, պետք է զբաղվել դրանով, բայց սա կառավարության մեղքը չէ, սրանում ես համոզված եմ հաստատ»,- ասաց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ