«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին քիչ առաջ մոտեցավ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն, որը ցուցարարներին «լակոտ» էր անվանել։
Նա նախ տեղեկացրեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ցանկություն է հայտնել սրբազանի հետ հանդիպել-խոսելու, ինչի մասին կպայմանավորվեն․ դա կլինի հավանաբար, օրվա ընթացքում։ Բագրատ սրբազանն ու ՆԳ նախարարը կհանդիպեն առանց լրագրողների։ Իսկ նման գործողություններով՝ ՆԳՆ շենքը շրջափակելով, ըստ ոստիկանապետի, բախման է տանում սրբազանը։ Ապա նա ներկայացրեց, որ «լակոտություն» ասելով ինքը նկատի է ունեցել ցուցարարների գործողությունները, մասնավորաբար՝ իր մեքենայի անիվը ծակելը, ոտքով մեքենային խփելը։
«Դա ավելի մեծ մեղք ու աղետ չի, քան մարդկանց դռան դեմը դագաղ դնելը»,- հակադարձեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ այդ արարքները դատապարտելի են, բայց համարժեք չեն ոստիկանների կողմից Արսեն Գրիգորյանի ոտքը կոտրելուն, մեկ այլ ցուցարարի՝ ազդանշան տալու համար, գլուխը կոտրելուն։
Կարդացեք նաև
Բախման տանելու մասով էլ սրբազանը հակադարձեց ոստիկանապետին․ «Ոչ ոքի չվախեցնեք եւ որեւէ քայլ եթե դուք կատարեք, մենք խաղաղ, հանգիստ կանգնած ենք այստեղ»։
Ոստիկանապետը հայտարարեց՝ եթե սրբազանին ցուցումներ չտան, ամեն ինչ ավելի լավ կլինի, ինչպես լավ էր մինչեւ ամսի 26-ի հանրահավաքը։ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ եթե իր ականջին էլ ասեն՝ կվերլուծի ասվածը, իրավիճակը կգնահատի ու կանի այնպես, ինչպես հարիր է տվյալ պահին, բայց իրեն՝ ոստիկանապետին անգամ չեն էլ շշնջում, իր դիմաց ասում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ