Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ որպես մարդ, որը գիտի, որ Վահե Ղազարյանը հիմա հոգեկան տագնապների մեջ է»․ Բագրատ սրբազանը հույս ունի՝ Վահե Ղազարյանի հետ տղամարդկային խոսակցության

Մայիս 29,2024 11:15

«Մեր թիրախը ՆԳ նախարարը չի»,-ՆԳՆ շենքի մոտ իր ելույթում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

ՆԳ նախարարության շենքի մոտ նա նախ ուղերձով դիմեց Ադրբեջանի նախագահին, որը պահանջել է, որպեսզի հայկական կողմը ճանաչի «Խոջալուի ցեղասպանությունը»՝ ասելով․ «Իլհամ Ալիեւ, Հայաստանում դու բանակցող կողմ չունես, գերի ունես, ստրուկ ունես, որը ինչ ասում ես՝ հստակ կատարում է։ Հայաստանում քո գործընկերը որեւէ իրավասություն՝ թե բարոյական, թե իրավական չունի, դու էլ քեզ խելոք պահի, մինչեւ տեսնենք՝ որտեղ ի՞նչ կա»։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանին էլ դիմելով, սրբազանն ասաց՝ հույս ունի, որ վերջինիս հետ, որն իրեն նախկին բարեկամ է համարում, մարդկային, տղամարդկային խոսակցություն են ունենալու։

«Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է՝ ինքն իր պարտականությամբ, ես իմ կոչումով։ Եկել եմ որպես մարդ, որը գիտի, որ Վահե Ղազարյանը հիմա հոգեկան տագնապների մեջ է այս ամբողջ իրադարձությունների պատճառով, քանի որ հայրենիքից ստրկական զիջումներ կատարելը նաև իր համար է վիրավորական։ Նա ամեն օր ստիպված առնչվում է ստի հետ և հրամանների մի մասի շուրջ հայտնում է իր անհամաձայնությունը, մի մասն էլ փորձում է չկատարել»,- ասաց սրբազանը, որը հայտարարել էր՝ գնում է Վահե Ղազարյանից պատասխաններ ստանալու՝ ոստիկանական ուժերի բիրտ գործողությունների համար, նաեւ՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու համար։

«Մեր պահանջն է՝ իջնեք ներքեւ, ձեր պատասխանը տաք, հուսամ՝ Դուք տղամարդկություն կունենաք այդքան․ այն տղամարդկությունը, որը ես տեսել եմ սեղանի մոտ»,- Վահե Ղազարյանին դիմեց սրբազանը՝ հիշեցնելով մի քանի դրվագներ, որտեղ Վահե Ղազարյանը գովեստի խոսքեր է հնչեցրել հոգեւորականների, այդ թվում՝ նաեւ Վեհափառի հասցեին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Քիչ անց սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի խոսնակը՝ ասելով, որ նախարարն այս պահին հանդիպումների մեջ է ու հնարավոր չէ հանդիպում կազմակերպել։

ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն էլ սրբազանին ասաց, որ մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ են նշանակված՝ կարգապահական խախտումների համար, նույնչափ էլ վարույթներ կան, մեղավորները կպատժվեն՝ հորդորելով ոստիկաններին չթիրախավորել։

Սրբազանը հակադարձեց՝ «ծառայողական վարույթներն էլ գիտեմ, ամենն էլ գիտեմ»։ Ապա հորդորեց՝ երկու օրվա ընթացքում ծառայողական քննությունների արդյունքների մասին հստակ տեղեկություններ փոխանցել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ հավելեց, որ խնդիրը շարքային ոստիկանները չեն, այլ բարձրաստիճան ու հավելեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը մի քանի անգամ անձնապես վիրավորել է իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ ոստիկանների բիրտ գործողությունների մասին լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան Վաղինակ Մարտիրոսյանը հորդորում էր՝ գրավոր դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սրբազանը հայտարարեց, որ իր պահանջներն ուժի մեջ են եւ հույս ունի, որ Վահե Ղազարյանն իր ճանաչած մարդն ու տղամարդն է մնում։ Ցուցարարները կմնան ՆԳՆ շենքի մոտ, քանի որ Վահե Ղազարյանն ԱԺ պետք է գնար եւ ստիպված է լինելու դուրս գալ շենքից։ Նա հայտարարեց, որ եթե Վահե Ղազարյանի հետ հանդիպումը չկայացավ, ապա դա իրավասություն կտա ցանկացած գնահատական տալ թե իր գործողություններին, թե ոստիկանության։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031