Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ո՞վ է ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տականք դավաճան»․ Նիկոլ Փաշինյանը բացատրեց արտագաղթի պատճառը

Մայիս 29,2024 10:53

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում ընթանում են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ անկախության ձեռքբերումից հետո մեր ամենատեսանելի միտումը եղել եւ շարունակում է մնալ արտագաղթի միտումը։ «Արտագաղթը հետեւյալն է՝ մարդն իր համար հարմար ապրելու տեղ է փնտրում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետություն է ստեղծել, որ իր համար ապրելու հարմար տեղ գտնի՞։ Դա նշանակում է, որ ՀՀ-ն իր համար այդքան էլ ապրելու տեղ չէ՞, բա ինչո՞ւ է աշխատում, հարկ վճարում այս պետությանը։ Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետեւ ՀՀ-ն կառավարվել է եւ ՀՀ-ում իշխանությունը ձեւավորվել է էլիտաների կողմից կամ իրենց էլիտա համարող շրջանակների կողմից, որոնց գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերա-ֆեոդալական։ Եվ այդ գաղափարաբանությունը վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել։ Այդ գաղափարաբանությունը կրթական համակարգի միջոցով ներարկվել է մարդկանց, մեզ բոլորիս։ Եվ արդյունքում՝ մենք ստացել ենք այս ճեղքը՝ մարդն անկախ պետություն է ստեղծել եւ իր համար ապրելու տեղ է փնտրում։ Սա նույնն է, որ մենք հիփոթեքային վարկ ենք վերցնում, տուն ենք ձեռք բերում եւ գնում ենք վարձով ապրելու»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է կենցաղային օրինակներ բերել․ «Երբ քաղաքացին կարճ տաբատով առավոտյան պատշգամբում նստում սուրճ է խմում, կողքից ասում են՝ էս ի՞նչ ես անում, չէ՞ որ դու այստեղ սուրճ խմելու համար չես, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, այդ վեհ գաղափարների պայմաններում շորտիկը հագել, նստել ես բալկոնում, կոֆե՞ ես խմում, փոխանակ բալկոնից քեզ գցես, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես մի շատ կարեւոր խնդրի վրա։ Հիմա ով շոր է հագնում, ասում են՝ գետինը չես մտնո՞ւմ, ո՞նց կարելի է գունավոր շոր հագնել, բա ո՞վ է ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տականք դավաճան։ Ծնունդ է անում, ասում են՝ ո՞նց, հոգեհանգիստը թողած՝ ծնո՞ւնդ ես անում։ Մեկ, երկու, երեք, չորս, մարդն ասում է՝ այս տունն էլ ձեզ, սուրճիս բաժակն էլ ձեզ նվեր, ես գնամ մի տեղ գտնեմ ապրելու, որտեղ կարող եմ պատշգամբում սուրճ խմել, եւ ոչ ոք ինձ ամոթանք չի տա դրա համար»։

Փաշինյանն ասաց, որ ՔՊ-ի ամենամեծ խնդիրն այն է, որ երբ 2018 թվականին ստանձնել են ՀՀ կառավարումը, շարունակել են կղերա-ֆեոդալական ավանդույթները։ «Երբ մենք վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին եւ ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող այլ բան լինել, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը, կենսուրախությունը, լավ ապրելը ապահովող գործիք, մենք պետք է վերադառնանք այդ հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար քաղաքական մակարդակում։ Դրա համար հարկավոր է արդյունավետ պետություն»,- հավելեց նա։

Ըստ Փաշինյանի՝ արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին եւ նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է։ Սա, ըստ նրա, միակ բանաձեւն է, որը կապահովի պետության կենսունակությունն է հարատեւությունը։

«Հենց այս է տեղի ունենում մեզ հետ։ Մեզ հետ տեղի է ունենում հետեւյալը՝ ասում ենք՝ մենք դասագրքում կարդացել ենք, պատմել ենք եւ 5 ենք ստացել դրա համար։ Բայց եթե մենք այսօրվա իրողություններին արձագանքենք դասագրքում կարդացածի, պատմածի եւ 5 ստանալու կլիշեի մեջ, մենք պետությունը կկորցնենք»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031