Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կլինի, որ Վեհափառ Հայրապետից ներողություն խնդրեն. Էդմոն Մարուքյանը՝ Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ հուշահամալիրում խոչընդոտելու մասին

Մայիս 29,2024 10:41

«Ուզում եմ անդրադառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ նրան ուղեկցող հոգեւորականների հետ կատարված դեպքին, երբ նրանք ցանկանում էին այցելել Սարդարապատ հուշահամալիր, մուտքը արգելվել, խոչընդոտվել էր: Իրապես չեմ հիշում նման բան երբեւէ եղած լինի: Վիեննայի օդանավակայանում եմ, մի շատ կարեւոր հանդիպումից եմ վերադառնում, ուզում եմ չսպասել ու հենց հիմա արձագանքել»,-նշեց ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Փոխադարձ խնդիրները միշտ եղել են եկեղեցու եւ իշխանության միջեւ: Ես այսօր հիշեցի, որ 2020թ, երբ իշխանության վարկանիշը շատ բարձր էր՝ մինչեւ 44-օրյա պատերազմը, ինչ-որ դեպք էր եղել, որ կաթողիկոսը հայտարարություն էր արել, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է երաշխավորությամբ դուրս գալ կալանքից, այն ժամանակ Ալեն Սիմոնյանը, որ փոխխոսնակ էր, կաթողիկոսին էր դիմել ավազանի անունով՝ Կտրիճ անվանելով: Հայտարարություն էր արել, որ ժամանակն է նրան փոխարինեն եւ այլն… Այդ ժամանակ քչերը դատապարտեցին կատարվածը, բայց ես գնացի Մայր աթոռ, հանդիպեցի Վեհափառ Հայրապետի հետ, որը չհրապարակայնացրի, իմ զորակցությունը հայտնեցի:

Հետո Վեհափառն ու Ալեն Սիմոնյանը իրենց հարաբերությունները կարգավորեցին: Այն ժամանակ քչերն արձագանքեցին… Այն ժամանակ էլ եմ դատապարտել, հիմա էլ եմ նույնը ասում՝ իրապես դատապարտելի է Վեհափառ Հայրապետի եւ նրան ուղեկցող անձանց հետ կատարվածը:

Նաեւ ուզում եմ արձագանքել Պետրոս Ղազարյանի գրառմանը. նա նշել էր մի քանի տարբերակ, առաջին, որ Վեհափառի պրոտոկոլը կարող էր կապվել վարչապետի պրոտոկոլի հետ, եթե ուզում էր նրա հետ գնալ, ժամը ճշտել եւ նրա հետ գնալ, տարբերակ 2. Պետրոս Ղազարյանն ասում է, եթե չէր ուզում երեսը տեսնել վարչապետի, կարող էին էլի կապվել վարչապետի պրոտոկոլի հետ, ժամը ճշտել եւ այդ ժամին չգնալ Սարդարապատի հուշահամալիր… Ես մի այլ տարբերակ էլ ունեմ՝ պատկերացնենք առաջին եւ երկրորդ տարբերակներով չի ճշտվել պրոտոկոլի հետ, բայց իշխանությունները, նրա պրոտոկոլը տեղում իմանում են, որ Վեհափառ Հայրապետն է եկել (իսկ վարչապետի այցը նախատեսված չէր, որովհետեւ ինքը սովորաբար առավոտյան է գալիս) հանձնարարում են՝ ոչ մի խոչընդոտ չստեղծել:

Վերջին հաշվով սա մեր ազգի, մեր բոլորի համար է մի խայտառակ դեպք: Իմացեք, որ Վրաստանում, ամբողջ աշխարհում այս ամենին հետեւում են, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ամբողջ աշխարհում հարգված մեծ ցանց է, եւ ես կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը:

Վերջին հաշով Հայ առաքելական սուրբ եկեղեցու ցանցը, ոչ միայն եկեղեցուն է ծառայում, այլեւ լավ աշխատելու պարագայում՝ նաեւ պետությանը: Եվ հիմա ես չգիտեմ այս խայտառակությանը ինչ անուն դնեմ: Սա դատապարտելի բան է, ես չգիտեմ, թե ինչ արձագանք է լինելու իշխանությունների կողմից, բայց լավ կլինի, որ Վեհափառ Հայրապետից ներողություն խնդրեն, բացատրություն տան, թե ինչու է ճանապարհը փակվել»:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց՝ եկեղեցի –իշխանություն կռիվը նվազեցնում է մեր պետական ազգային դիմակայությունը, որը օր առաջ պետք է դադարեցնել:

 

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031