Լրահոս
Օրվա լրահոսը

Սրիկայի վերջին հանգրվանը ոչ միայն հայրենասիրությունն է

Մայիս 29,2024 10:00

Այսօր ընդունված է ծաղրել, նսեմացնել, որպես դատարկ խոսք ներկայացնել հայրենասիրությունը: Այդ նիհիլիզմը հատուկ է հատկապես Հայաստանի իշխանական կամ իշխանամերձ շրջանակներին:

Նման քարոզչություն տանողները սիրում են վկայակոչել 18-րդ դարի անգլիացի բանաստեղծ եւ գրաքննադատ Սեմյուել Ջոնսոնի հայտնի ասույթը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին հանգրվանն է»: Ինչ խոսք, անգլիացին իրավացի էր՝ նման բաներ բավականին հաճախ են պատահում:

Իսկապես կան սրիկաներ, դեմագոգներ, մանիպուլյատորներ, որոնք իրենց կեղտոտ նպատակներն իրագործելու համար ձեւ են անում, իբր հայրենասեր են, դա օգտագործում են որպես մանրադրամ կամ ծխածածկույթ:

Բայց արդյոք միայն հայրենասիրությո՞ւնն է այդպես օգտագործվում: Արդյոք նույն տեսակի մարդիկ ճիշտ նույն նպատակների համար չեն օգտագործում «ժողովրդավարությունը», «մարդու իրավունքները», «պետականությունը»: Չե՞ք հանդիպել պատմության մեջ, որ «կրոնը», «կոմունիզմը», «հավասարությունը», անգամ «բարոյականությունը» դարձել են շղարշ ամենազազրելի վարքագծի համար:

Մի խոսքով, սրիկաները կարող են վարկաբեկել ամեն ինչ: Հապա ինչո՞ւ ժամանակակից Հայաստանի պաշտոնական քարոզչությունը թիրախ է դարձրել հենց հայրենասիրությունը: Շատ պարզ՝ իրական հայրենասիրությունը, ազգային իրական արժանապատվությունը վարկաբեկելու համար:

Արդյոք պատահակա՞ն եք համարում, որ Արցախյան առաջին պատերազմից մեզ հայտնի են բազմաթիվ հերոսներ: (Ուրիշ հարց, որ նրանցից ոմանց հետագայում նստեցրեցին հասարակության գլխին): 2016 թվականի ապրիլյան պատերազմից էլ հերոսներ գիտենք: Օրինակ, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, այլք:

44-օրյա պատերազմի հերոսների մասին պաշտոնապես չի խոսվում: Եվ պատճառն այն չէ, որ մենք պարտվել ենք: Անկախ պարտությունից՝ վստահ եմ, որ մեր երիտասարդների ճնշող մեծամասնությունն իրեն դրսեւորել է որպես հայրենիքին նվիրված զինվորներ՝ նրանք արժանի են մեծարման:

Սակայն ներկայիս իշխանությանը ձեռնտու է խոսել 11 հազար դասալիքների, «տեղերը միտումնավոր տվողների», ռազմաճակատում «5-րդ շարասյան» մասին: Նախ՝ դա սեփական տապալումն արդարացնելու ձեւ է:

Բայց ավելի կարեւոր է, որ զինվորականների հայրենասիրական կեցվածքը հակասում է պաշտոնական հայեցակարգին, ըստ որի՝ այդ ամենը դատարկ խոսքեր են:

Նույն հայեցակարգի համաձայն, այժմ պետք է լինի միայն «պետականասիրություն»: Պետք է սիրել այն պետությունը, որի սահմանները գծում է Ալիեւը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այսօր չէ, որ *ընդունված է ծաղրել, նսեմացնել, որպես դատարկ խոսք ներկայացնել հայրենասիրությունը*, Հայաստանի մէջ:
     
    Դա այդպէս էր, տեւաբար, շարունակաբար եւ հետզհետէ աւելի կոպիտ կերպով, 1994-96էն սկսեալ եւ ի վեր: Եւ դրա արդիւնքներն են՝ 2018ի գարնան հաւաքական հրճուագին ինքնասպանութիւնը, Արցախի կորուստը, եւ ՀՀի այժմու վիճակը:
     
    Թէ որ նախկին իշխանութիւնները իրապէս հայրենասէր էի՞ն կամ, ոչ, կամ ո՞րչափով, այդ չէ խնդիրը:
     
    Որովհետեւ այդ համակարգային ծաղրանքը ու վարկաբեկումը ուղղուած չէին միայն՝ նրանց դէմ, եւմիայն քաղաքական ոլորտում. այ՝լ ոեւէ հայի դէմ, այլազան ոլորտներում եւ ընթացիկ կեանքի մէջ, ամենուրէք, Հայաստանում:
     
    Իսկ արցախցիների հայրենասիրութիւնը կը կրէր… նուրբ ասած…  մի քիչ շատ շրջանային բնոյթ: Մինչ Արցախը ազատագրուած էր շնորհիւ Հայոց համահայկական ազգասիրութեան:
     
     Մ. Հայդուկ Շամլեան
     
     
    Մ. Հայդուկ Շամլեան
     
     

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031