Լրահոս
Օրվա լրահոսը

Բոտեր և փաթեթով մեկնաբանություններ՝ ֆեյքերի ֆաբրիկայի՝ հայտնի «մորքուրների» փոխարեն

Մայիս 28,2024 23:36

Ֆեյքերի ֆաբրիկայի՝ նախկինում հայտնի գործող անձանց՝ տարատեսակ «մորքուրներին», «մեյքափերին» ու «եղունգների խնամքի» էջերին այժմ փոխարինելու են եկել բոտերն ու գումարի դիմաց մեկնաբանությունների ծառայությունները։ Շատ հաճախ այդ ֆեյքերի մի մասն ավտոմատացված են ստեղծում, դրա համար էլ անուններ չունեն, այլ այդ օգտատերերը թվային ինչ-որ անուններ ունեն, քանի որ ավտոմատ գեներացվող, անընդհատ գրանցվող ռոբոտացված հաշիվներ են։

Փաստացի մեկ քլիքի միջոցով կարելի է մուտք գործել տվյալ ծառայություններ մատուցող կայք, գրանցվել և պատվիրել տարբեր սոցցանցերի համար տարբեր ծառայությունների փաթեթներ՝ սկսած Յութուբում, ՏիկՏոկում մեկնաբանություններից մինչև ինստագրամյան ալիքների հետևորդների թվի ավելացում։ Այս հնարքը շատ հաճախ է վերջին օրերին օգտագործվում հատկապես քաղաքական թեմայով տեսանյութերի տակ մեկնաբանություններ թողնելու համար։

Այս առիթով ահազանգել էր նաև «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Մասնավորապես գրել էր. «Նիկոլ, ֆեյքերիդ ֆաբրիկան լավ չի աշխատում։ էս ի՞նչ բարդակ է, լրիվ գլուխ են պահում։ Էս հե՞չ չեն հարգում քեզ։ Էդ մեր՝ հարկատուներիս հաշվին պահվող ՊՈԱԿ-ը, էդ տոտո-ներն ու վիվառո-ները ոնց որ լուրջ չեն վերաբերվում գործին։ Էս ի՞նչ անպատասխանատու վիճակ է։ Հեչ արժանահավատ ֆեյքեր չեն բացում, ասեմ իմանաս»։

Aravot.am-ը տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ սա նո՞ր միտում է, թե՞ Հայաստան է նոր եկել, փորձագետը պատասխանեց․ «Նոր չէ, բարեբախտաբար, Հայաստան գոնե ուշացումով են սենց բաները մտնում։ Իրականում սկզբից այդ՝ պատվերով մեկնաբանություններն ավելի կոմերցիոն բնույթ ունեին՝ օրինակ՝ բիզնեսները պատվիրում էին իրենց տեսանյութերի տակ, իրենց գրառումների տակ, google maps-ում պատվիրում էին դրական ռեվյուներ՝ սրճարանի, ռեստորանի համար, որ ուրիշների մոտ տպավորություն լինի, որ այնտեղ ամեն ինչ շատ լավ է։ Հետագայում այս ամենը նաև մտավ քաղաքական տիրույթ, և քանի որ այսօր այդ ֆեյքերի ֆաբրիկաները ոչ միայն աշխատում են հենց բուն քաղաքական ուժերի հետ, և կա նաև ազատ շուկա, որտեղ առաջարկներ կան, սա մտել է նաև այդտեղ։ Ցավոք, նաև Հայաստանում են հայտնվել։ Այսօր ցանկացած երևույթի կեղծ տպավորություն կարելի է ստեղծել՝ օրինակ՝ մեկնաբանություններ գրել քո ուզած քաղաքական գործչի հրապարակման մեկնաբանություններում, որ մարդկանց մոտ տպավորություն լինի, թե ժողովուրդը սիրում է այդ մարդուն։ Կամ, հակառակը՝ պատվիրել բացասական մեկնաբանություններ մրցակից քաղաքական գործչի հրապարակման տակ»։

Սամվել Մարտիրոսյանն ասաց՝ այդ ֆեյքերի մի մասն ավտոմատացված են ստեղծում, դրա համար էլ շատ հաճախ այդ օգտատերերը թվային ինչ-որ անուններ ունեն, քանի որ ավտոմատ գեներացվող, անընդհատ գրանցվող ռոբոտացված հաշիվներ են։

Հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներում են բացվում այդ հաշիվները, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Աշխարհն այսօր շատ լայն է, և մեծ շուկաներ կան՝ հատկապես մեծ երկրներում, որտեղ հնարավորություն կա նաև օրինակ՝ ներգրավելու մեծաթիվ մարդկանց էժան գներով։ Օրինակ՝ շատ երկրներում ուսանողներին, հղի կանանց են ներգրավում, մարդկանց, որոնք բանուգործ չունեն անելու, տանը նստած են, կամ գումարի կարիք ունեն և պատրաստ են փոքր գումարներով պատվերով մեկնաբանություններ գրել։ Մեծ հաշվով աշխարհագրությունը շատ լայն է»։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ՝ ըստ էության հանցավոր գործունեությունը կանխել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Մի կողմից սոցցանցերն են դա անում, քանի որ այդ ֆեյքերը հաճախ արագ արգելափակվում են, որովհետև սոցցանցերում արհեստական բանականությունը փորձում է բռնացնել այդ՝ անսովոր ակտիվություն ստեղծող օգտատերերին, բայց նաև այստեղ մեր գործն էլ է կարևոր․ երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկն ակնհայտ ֆեյք է, պետք է բողոքել։ Եթե շատ մարդ է բողոքում, մենք դրանով մեծ հաշվով օգնում ենք, որ սոցցանցերի անվտանգության համակարգը հայտնաբերի ֆեյքերին ու վերացնի։ Ցավոք, այդ երևույթը ֆինանսապես եկամտաբեր է ու տեխնիկապես էլ հասանելի այդ ֆեյքաբուծարաններին, որ ամբողջությամբ սրա դեմն առնել ֆիզիկապես այսօր հնարավոր չէ։ Դրա համար մարդ պետք է միշտ զգուշավոր ընթերցի մեկնաբանությունները՝ մտքում պահելով, որ  կարող է ինքը մանիպուլյացիաների հետ գործ ունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031