Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ կարծիքը մնում է  նույնը՝ օկուպանտի հետ պայքարում են օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարելու միջոցներով, սա է իմ լեքսիկոնը. Վարդան Հակոբյան

Մայիս 28,2024 22:51

Aravot.am-ի տեղեկություններով՝  «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կուսակցության աջակից, ամերիկաբնակ Վարդան Հակոբյանի կողմից օգտագործվող յութուբյան ալիքում 2024թ. ապրիլի 24-ին տեղադրված տեսանյութի ընթացքում վերջինիս կողմից արված մի շարք հայտարարություններ իրավապահները դիտարկում են բռնության հրապարակային կոչեր՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Իրավապահները դիտարկում են Վարդան Հակոբյանի արարքին ՀՀ քր. օր. 330 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական տալու հարցը:

Վարդան Հակոբյանը մեզ հետ զրույցում չմտաբերեց, թե կոնկրետ ինչ հայտարարություններ է արել նշված տեսանյութում. «Չգիտեմ՝ ապրիլի 24-ին ինչ եմ ասել, բայց ինչ ասում եմ, սովորաբար նույն չակերտների մեջ եմ ասում: Այսինքն՝ նույն սահմանափակումների մեջ եմ ասում՝ հասկանալով, որ ուղիղ բռնության կոչ անելը քրեորեն հետապնդելի է, միշտ դրանից հեռու եմ մնացել: Ոչ մի նոր բան չեմ ասել, ասել եմ այն, ինչ վերջին 4 տարին եմ ասում: Ինչ ուզում են՝ թող փորփրեն, մոգոնեն, իմ կարծիքը մնում է նույնը՝ օկուպանտի հետ պայքարում են օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարելու միջոցներով, սա է իմ լեքսիկոնը, ես գիտեմ այդ սահմանները, այնպես որ թող ուրիշ բան մտածեն:

Ես իրենց բացատրություն տալու խնդիր չունեմ, իրենց չեմ ընդունում որպես իշխանություն, որովհետեւ իրենք գտնվում են օրենքից դուրս, ՀՀ Սահմանադրությունը խախտել են, ու Հայաստանում չի գործում Սահմանադրությունն ու օրենքները, հետեւաբար ինձ մեղադրանք ներկայացնելու իրավունք չունեն:

Իրենք օկուպացիոն ռեժիմ են ինձ համար, նորից կրկնեմ, ականջներին թող օղ անեն, ու օկուպացիոն ռեժիմների դեմ պայքարելու բոլոր միջոցներն ինձ համար ընդունելի են, այդ ռեժիմների դեմ պետք է անեն այն, ինչ անում են օկուպացիոն ռեժիմների հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031