Տասից ավելի հայկական ընկերություններ այս օրերին մասնակցեցին Լաս Վեգասում կազմակերպված հեղինակավոր «Licensing Expo 2024» միջազգային ցուցահանդեսին: Եռօրյա ցուցադրությանը հայկական տաղավարում ներկայացվեցին հայրենական արտադրողների կոշիկները, հագուստը, շամպայնը, խաղալիքները, չրերը և այլ արտադրանքներ:
Ինչպես էքսպոյի կազմակերպիչներն են նշում, այս ցուցադրությանն անգամ փոքր արտադրողները հնարավորություն ունեն ծանոթանալու համաշխարհային ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և ձեռք բերելու կապեր, պայմանավորվածություններ: Ամեն տարի էքսպոն մեկ հարկի տակ մեկտեղում է հեղինակավոր և աշխարհին ոչ հայտնի ընկերությունների, որոնք ցուցահանդեսից հեռանում են համագործակցության պայմանավորվածություններով:
Մասնակիցների թվում են Լեգոն, ՄքԴոնալդսը, Ամազոնը, Նեսթլեն և այլ հայտնի բրենդներ, որոնց ներկայացուցիչներին ևս հետաքրքրում էր հայկական տաղավարը:
Կարդացեք նաև
Հայկական արտադրողների մասնակցությունը Լաս Վեգասի ցուցադրությանը կազմակերպել էր «Armenian Business Corner» ընկերությունը` ֆինանսավորելով ընկերությունների` ցուցահանդեսին մասնակցության վճարի 50%-ը:
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ
Լուսանկարները` Լիաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Aravot.am ի համար