Սարդարապատի հերոսամարտին նվիրված միջոցառմանը ՈՄԱ Արտաշատի կազմակերպության ներկայացուցիչ Գառնիկ Մանուկյանը նշեց, թե ինչու են իրենք միացել այս ամեն ինչին։ «Սարդարապատի դասերը, կարծես, մենք մի փոքր սխալ ենք յուրացրել։ Սարդարապատն իրականում գոյամարտ էր ամենաիսկական իմաստով, որովհետեւ դրված էր մեր լինելիության հարցը։ Փառք Աստծո, միաբանվելը հաղթեց։ Բայց այսօր այդ միաբանությունը տվել է նույն հույսը, որ վերջին պահին նորից բոլորը կհավաքվեն եւ վերջին ճիգով թշնամուն կհաղթենք։
Ճակատագիրը անկանխատեսելի է, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր վերջին պահին պատրաստվելը հաղթանակ է բերելու։
Պետք է նախապես պատրաստվել։ Չպետք է թշնամին գա, հասնի մեր երկրի սրտին, որ այդ ժամանակ փորձենք համախմբվել ու զարկ տալ։ Պետք է բոլոր առումներով պատրաստվել, որովհետեւ մեր դեմ պայքարը միայն ռազմական չէ։ Այն նաեւ տեղեկատվական է, նաեւ հոգեբանական է։
Պետք է արթնանալ, սթափվել ու զբաղվել երկրի պաշտպանության խնդիրներով։ Պետք է նորից ու նորից շեշտենք, որ չեն հարձակվում նրանց վրա, ովքեր դրան պատրաստ են, չեն պատերազմում նրանց դեմ, ովքեր կարող են պարտադրել խաղաղություն։ Այդպիսի ժողովուրդների հետ հաշվի են նստում, այլ ոչ թե պայմաններ են թելադրում, պարտադրում իրենց կամքը
Կարդացեք նաև
Դրա համար մեր Սարդարապատի եւ մեր Եռաբլուրի խնկարկումը կլինի այն, որ հայ ժողովուրդը դառնա այն ուժը, որի հետ հաշվի են նստում, եւ այն ազգը, որը միշտ հաղթելու է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ