Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Այսօրվա միջոցառումը նվիրված է Սարդարապատի ճակատամարտի իրական հերոսներին՝ աշխարհազորայիններին՝ ռամիկներ, մտավորականություն, արվեստի ներկայացուցիչներ, կրոնականներ եւ այլք»

Մայիս 28,2024 19:24

Սարդարապատի հերոսամարտին նվիրված՝ «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության երեկվա միջոցառման ընթացքում «Վասն հայրենյաց» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվեցին հայրենիքի պաշտպանության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտում համաշխարհային եւ համահայկական նշանակություն ունեցող բացառիկ ծառայություն մատուցած անձինք եւ կոլեկտիվներ։ Պարգեւները հանձնեցին 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած տղաների մայրերը, որոնք սակայն չեն կոտրվել եւ շարունակում են իրենց հերոս զավակների գործը։

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօրվա միջոցառումը նվիրված է Սարդարապատի ճակատամարտի իրական հերոսներին։ Նրանք մարդիկ էին, որոնք ռազմական գործին այնքան էլ լավ չէին տիրապետում։ Նրանք աշխարհազորայիններն էին՝ ռամիկներ, մտավորականություն, արվեստի ներկայացուցիչներ, կրոնականներ եւ այլք։ Հենց նրանք 1918 թվականի մայիսի 27- ին հետ շպրտեցին թշնամուն։ Մենք Սարդարապատի հաղթանակի օրը մայիսի 28-ին ենք տոնում, որովհետեւ այդ օրը մերոնք առաջ շարժվեցին, բայց թուրքերին հետ շպրտել ենք մայիսի 27-ին։

Այսօր նաեւ նշում ենք ՈՄԱ-ի հիմնադրման 10-ամյակը։ Մենք «Վասն հայրենյաց» անունով շքանշան ենք հիմնել։ Առաջին ասպետը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հիմնադիր, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցն է, որին պարգեւը հանձնվել է Մոսկվայում։

Այսօր մենք, ցավոք, չենք կարողանա մեր այս միջոցառումը ավելի հանդիսավոր եւ ամբողջական կազմով նշել Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած տարերային աղետի պատճառով։ ՈՄԱ-ի մարտիկները հիմա էլ այնտեղ են եւ ԱԻՆ-ի հետ միասին փրկարարական եւ ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքներ են իրականացնում։ Ավաղ, չխուսափեցինք կորուստներից։ Քաղաքացիների չորս զոհ ունենք։ Նաեւ չորս անհետ կորած կա։ Ես ինքս քիչ առաջ եմ եկել այնտեղից, որովհետեւ այս միջոցառումը վաղուց էր նախապատրաստված։ Ընդամենը հասցրել եմ տուն մտնել, մի փոքր տեսքս կարգի բերել եւ գալ այստեղ»։

Դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, ներկայացնելով մայիսյան հերոսամարտերը՝ եզրափակեց, որ պետք է վերստին հիշել 1918 թվականի դասերը։ Զենք վերցրած հայ ժողովրդի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, բանակի եւ քաղաքական ղեկավարության միասնությունն է բերում հաջողության։ Այս միասնությունն է հենց ազգ-բանակը։ Եվ ավելացրեց. «Մեծ խորհուրդ եմ տեսնում, որ այսօր այս երեկոն կայանում է հենց Պարոնյան թատրոնի դահլիճում։ 1918 թվականին այստեղ կանգնած էր մի ուրիշ շենք, որը հետագայում տրվեց Պարոնյան թատրոնին եւ վերակառուցվեց։ Եվ այն շենքի պատշգամբից ճակատամարտ մեկնող աշխարհազորայինների եւ զինվորների համար իր լեզվի թերությունը՝ կակազելը, մեծ դժվարությամբ հաղթահարելով ոգեշնչող ճառ է կարդացել հայ մեծանուն մարդկանցից մեկը՝ Դերենիկ Դեմիրճյանը։

Եվ ես մի տեսակ ավելի ուրախ եմ զգում, որ այսօր այդ պատմությունն այս նույն շենքում կարդում եմ ես։ Եվ ուրախ եմ դրա համար։ Եվ ուզում եմ չմոռանանք, այսօր եւս մենք հզոր ճակատամարտի առաջ։ Ու կուզեմ, որ հայ մեծերը մասնակցեն զորակոչերի բոլոր իմաստներով եւ կոչ անեն, որ մեր ժողովուրդը վերջապես արթնանա եւ միանա ծավալվող պայքարին։ Աստված մեզ հետ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031