Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրական արեւմտյան (ամերիկյան) արժեքները (ֆոտոշարք)

Մայիս 28,2024 18:37

Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին անգամ էի լինում: Ֆիլմերից եւ սերիալներից տեսածս առավել քան հաստատվեց իրական կյանքում՝ ամերիկյան արժեքների մեջ հայրենասիրությունը, սեփական պետության, պետականության, պետականաստեղծ այրերի հանդեպ մանկապարտեզներից սերմանվող ակնածանքը ամենաառաջնային դերակատարումն ունի: Մայրաքաղաք Վաշինգտոնում այդ ամենն է՛լ ավելի ընդգծված էր երեւում:

Վաշինգտոնի օդանավակայանում աչքի է զարնում ծառայությունից վերադարձող զինվորներին ողջունող այս ցուցանակը:

Ազգային հուշայգի (National mall) 

Վաշինգտոնը (ամերիկացիներն այն առավել հաճախ DC են անվանում, որպեսզի չշփոթեն համանուն նահանգի հետ) զբաղեցնում է 177 քառ. կմ մակերես, եւ այդ տարածքում գտնվում է Ազգային մոլը կամ Ազգային պարկը (National mall): Կամ, ինչպես ամերիկացիներն են ասում, Ամերիկայի գլխավոր մուտքը՝ Front Yard-ը, որը զբաղեցնում է ավելի քան 50 հեկտար տարածք՝ ջրավազաններով, պուրակներով, քանդակներով եւ հուշակոթողներով, որոնք փառաբանում են ԱՄՆ-ի հիմնադիր հայրերին, պետականաշինությունը, անկախությունը, պետության համար զոհված զինվորներին:

Տարեկան 25-30 մլն այցելու ունեցող այդ հուշահամալիրը ձգվում է 3 կմ երկարությամբ, որի մի ծայրում Կապիտոլիումն է՝ ԱՄՆ Կոնգրեսի շենքը, մյուս ծայրում՝ Լինքոլնի մեմորիալը, իսկ մեջտեղում Վաշինգտոնի հուշասյունը՝ եգիպտական օբելիսկների նմանությամբ ստեղծված: Կան նաեւ Ֆրանկլին Ռուզվելտի,  Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հուշատարածքները, ինչպես նաեւ՝ տարբեր պատերազմների զոհերին նվիրված հատվածներ:

Այս հուշահամալիրում են կայանում երկրի համար կարեւորագույն միջոցառումները, հավաքները, տոնախմբությունները:

Վաշինգթոնի հուշասյունը

2-րդ համաշխարհայինի զոհերին նվիրված հուշահամալիրը

Լինքոլնի հուշահամալիրը

Ջեֆերսոնի հուշահամալիրը

Մարտին Լյութերի հուշահամալիրը

Ազգային հուշայգու մակետը՝ Կապիտոլիումում

Այս հուշահամալիրով զբոսնելիս՝ ամեն պահի տեսնում ես, թե դպրոցականների քանի- քանի խմբեր են ուսուցիչների հետ միասին այցելում եւ ծանոթանում իրենց երկրի պատմությանը:

Դպրոցականների խմբերը՝ Ազգային հուշայգում, Կապիտոլիումում, Առլինգտոնում, բազմաթիվ էին

Զբոսաշրջիկների խումբ՝ Էլեանոր Ռուզվելտի արձանի մոտ

Այս տարածքում են գտնվում նաեւ Սմիթսոնյան հայտնի թանգարաններն ու ինստիտուտները, որոնցից յուրաքանչյուրն անգնահատելի մշակութային գանձ է:

Աֆևո-ամերիկյան պատմության թանգարանը

Այստեղ են նաեւ Անկախության հռչակման, Քաղաքացիական պատերազմի, 2-րդ համաշխարհային պատերազմի, Վիետնամական, Կորեական պատերազմների զոհերին նվիրված հուշարձաններ, քանդակներ:

Թոմաս Ջեֆերսոնի հուշատեղիում ոչ միայն նրա արձանն է, այլեւ ողջ պատերը պատված են նրա թեւավոր խոսքերով: Նույնը՝ Լինքոլնի հուշավայրում: Նույնը՝ Ֆրանկլին Ռուզվելտին նվիրված հատվածում, որտեղ ոչ միայն իր քանդակներն են, այլեւ տիկնոջ՝ Էլեանոր Ռուզվելտի: Այստեղ կա նաեւ Մարտին Լյութեր Քինգի հուշարտարածքն ու մեծ հուշարձանը:

«Խոսքի ազատություն, դավանանքի ազատություն, ազատություն ցանկություններից եւ վախերից ազատություն»

Ռուզվելտի արձանը եւ արձանի մակետը

 

Թոմաս Ջեֆերսոնի արձանը՝ նրա հուշատեղիում:

Ջեֆերսոնի մտքերը զարդարում են պատերը

Աբրահամ Լինքոլնի արձանը՝ նրա հուշավայրում:

 

Կապիտոլիում

Կապիտոլիումը, որտեղ գտնվում է ԱՄՆ Կոնգրեսը, ոչ միայն օրենսդիրների հավաքների համար նախատեսված շինություն է, այլեւ երկրի պատմությունն ամփոփող թանգարան: Տեսնել էր պետք, թե ինչ հպարտությամբ էին իրենց ոչ այնքան հին պատմություն ունեցող երկրի մասին պատմում զբոսավարները: Չէին մոռանում հիշել նաեւ այդ պատմության ոչ այնքան դրվատելի էջերը՝ ամերիկյան հնդկացիների հանդեպ վայրագ վերաբերմունքը, ստրկատիրական կարգերը, վիետնամական պատերազմը… Այս թանգարանային հատվածում տեղադրված են ԱՄՆ պատմության մեջ մեծ դեր խաղացած մարդկանց քանդակներ, որոնք Կապիտոլիումին նվիրել են ԱՄՆ նահանգները, յուրաքանչյուր նահանգը՝ երկուական: Կային ինչպես պետական, իրավական խոշոր գործիչների, այնպես էլ՝ քահանաների, կին ակտիվիստների, նախագահների եւ այլ հիշարժան դեմքերի քանդակներ:

Լինքոլնի այս դիմաքանդակն արված է նրա մահադիմակից, այնպես որ առավել մոտ է բնականին: Լինելով ԱՄՆ ամենասիրված նախագահներից մեկը՝ Լինքոլնը այցելուների պակաս չուներ:

Ռոնալդ Ռեյգանի արձանը Կալիֆոռնիա նահանգի նվերն է Կապիտոլիումին

Առլինգտոնի զինվորական գերեզմանոց

Եվ վերջապես՝ Առլինգտոնի գերեզմանատունը, որը թեեւ գտնվում է Վիրջինիա նահանգում, բայց այնտեղ հասնելու համար հարկավոր է ընդամենն անցնել Պոտոմակ գետը, որը բաժանում է ԱՄՆ մայրաքաղաքը Վիրջինիայից:

Գրեթե 260 հեկտար տարածք զբաղեցնող այս գերեզմանատանը, որը հիմնվել է 1864 թվականին, ամփոփված են տարբեր պատերազմներում զոհված զինվորականների ավելի քան 400 հազար մարմիններ, այդ թվում՝ Քաղաքացիական պատերազմում, 1-ին եւ 2-րդ համաշխարհային, Կորեական, Վիետնամական պատերազմներում, Իրաքում կռված վետերանների: ԱՄՆ բանակին պատկանող այս գերեզմանատան տարածքն այնքան մեծ է, որ ներսում ավտոբուսներ են աշխատում՝ ցանկացողներին տարածքով տեղափոխելու համար: Բացի պատերազմների վետերաններից եւ նրանց ընտանիքի անդամներից, այստեղ իրենց վերջնական հանգրվանը գտնելու իրավունք ունեն նաեւ Գերագույն դատարանի դատավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ՝ կոնգրեսմեններ, նախագահներ եւ այլն: Այստեղ են թաղված Ջոն Քենեդին, նրա երկու եղբայրները, որոնք սենատորներ են եղել, նրա զավակները եւ կինը՝ Ժակլին Քենեդին:

Ցուցանակը զգուշացնում է, որ այստեղ հայրենիքի նահատակներ են ամփոփված, եւ խնդրում է պահպանել հարգալից պահվածք՝ ողջ ընթացքում:

Առլինգտոնի գերեզմանոցում հատուկ ավտոբուսներ կան, տարածքը չափազանց մեծ է ոտքով ամբողջը կտրելու համար

Բոլոր գերեզմանաքարերը նմանատիպ են

Առլինգտոնի գերեզմանատանն էլ, ամեն քայլափոխին կարելի էր հանդիպել դպրոցականների, որոնք ուսուցիչների ուղեկցությամբ այցելում են իրենց երկրի համար կյանքը տված անձանց շիրիմներին, խոնարհվում նրանց առաջ, այս կերպ սովորում երկրի պատմությունն ու լցվում սիրով՝ սեփական երկրի հանդեպ:

Զուգահեռներ հայաստանյան իրականության հետ

Ու այս ամենի ֆոնին ես պարբերաբար հիշում էի հայաստանյան լայն շրջանակների, մասնավորապես իրենց «արեւմտամետ» համարողների ծաղրանքները «պաթոսի», «ուռա-հայրենասիրության»,  հայ առաքելական եկեղեցու, ընդհանրապես որեւէ հոգեւոր, ոչ շոշափելի, ոչ գնելի կամ փոխանակելի արժեքի մասին: Նրանց դավանած «արժեքները»՝ ցինիզմն ու այսրոպեական շահի կուլտը արեւմտյան իրական արժեքների հետ որեւէ կապ չունեն:

Այսօր՝ 2024թ. մայիսի 28-ին, ուղիղ 106 տարի այն բանից հետո, երբ դարեր շարունակ պետականություն չունեցած Հայաստանը վերականգնեց իր պետականությունը՝ ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, մեր երկրում այդ Հանրապետության հիմնադիր հոր՝ Արամ Մանուկյանի տունը կիսաքանդ եւ ավերված վիճակում է: Ստորեւ տես՝ Մարութ Վանյանի լուսանկարները, արված այսօր:

Մեր երկրում պախարակվում են եւ նսեմացվում երկրի բոլոր նախորդ նախագահները, վարչապետերը, նախարարները: Երկրորդ հայկական պետության՝ Արցախի ղեկավարները թշնամական երկրի բանտում են:  Երկրի առաջին դեմքի մակարդակով ոտնձգություններ են արվում պետական  զինանշանի, եկեղեցու վրա: Այս արժեքներով պետականություն պահպանելը գրեթե անհնարին է…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031