Ի՞նչ է նշանակում սառեցնել հոգեւոր ծառայությունը. այսօր Սարդարապատում այս հարցին ի պատասխան՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պարզաբանեց. «Դա նշանակում է, որ ինքը մնում է հոգեւորական, բայց չի գործում՝ իբրեւ հոգեւորական, ինքը պահում է իր աստիճանը, հանգամանքը, ամեն ինչ, բայց ինքը չի գործում, չի աշխատում բառի տեխնիկական իմաստով իբրեւ հոգեւորական»:
Նա վստահեցրեց, որ երբ կամենա՝ Բագրատ սրբազանը կարող է անշուշտ վերադառնալ հոգեւոր ծառայության: Նա իրավունք ունի խաչ կրել, հոգեւորականի հանդերձանքով լինել:
Ճշտեցինք՝ եկեղեցում եղե՞լ է նման դեպք, որ ծառայությունը սառեցնեն, հետո վերադառնան ծառայության, թե՞ պիտի անպայման փիլոնաթող լինեն, ընթացակարգն ինչպե՞ս է՝ Միքայել սրբազանը պատասխանեց, որ իհարկե, դեպք եղել է. «Դուք չեք հիշի, երիտասարդ եք, բայց տեր Հուսիկի պարագան, ով դարձավ ՀՀՇ, դարձավ այդ կուսակցության նույնիսկ ղեկավարը եւ իր ծառայությունը սառեցվեց եւ մնաց այդպես սառեցված էլ մինչեւ վերջ: Երբ որ ինքը մահացավ, թաղվեց իբրեւ քահանա: Ինքը ուղղակի չվերադարձավ քահանայական ասպարեզ, բայց ինքը մնաց քահանա»:
Մենք ճշտեցինք՝ եկեղեցական վերջին ժողովին, երբ թեմերի առաջնորդները հանդիպել են Վեհափառի հետ, ճի՞շտ է, որ շատ քիչ թվով եպիսկոպոսներ են միայն աջակցել Բագրատ սրբազանին՝ Միքայել սրբազանը պատասխանեց. «Ես էլ չեմ աջակցել, ես կո՞ղմ եմ, որ ինքը իրեն դնի զոհասեղանին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ