«Փոփոխություն է պետք, եւ այս սրբազան պայքարը սերունդների պայքար է։ Սա մի օրվա, մի հոգու, անգամ մի սերնդի խնդիրը չէ։ Այսօր սրբազանը եղել է որպես սուրհանդակ, եւ կարեւոր է, որ այդ սուրհանդակը՝ այդ ղեկավարը նաեւ համերաշխության մեջ լինի հարթակի, հավաքական պատասխանատվություն կրող թիմի եւ նաեւ ժողովրդի հետ»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հարցին, թե համաձա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, եւ վարչապետ լինի Բագրատ սրբազանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ նախ պետք է լիքը աշխատանք արվի, որ հասնենք այդ կետին։ Երբ հասնենք այդ օրինական, իրավական, սահմանադրական պահին, իհարկե, ինքը անցման շրջանի հանրային վստահություն վայելող կառավարության ղեկավար կարող է լինել։ Բայց մինչ այդ, լիքը պայքար կա անելու՝ թե իրավական դաշտում, թե քաղաքական, որ սա դառնա իրապես համաժողովրդական։ Ինքը կարող է լինել թեկնածու, եւ դա ոնց որ ժողովրդի մեծ մասի պահանջն է, բայց ես կարծում եմ, որ այնպես չէ, որ ի վերուստ նախախնամված է»։