Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին հանրապետությունն անցյալ չէ

Մայիս 28,2024 13:05

«Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Սրանք Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքերն են, որոնք Առաջին հանրապետության հիմնադրումից 106 տարի անց էլ, ցավոք, իրականություն չեն դարձել։

«Էսօր առավոտ գնացի գործի, տեսա մարդ չկա։ Զանգեցի X-ին, որ իմանամ ՝ էս ինչ հաշիվ ա։ Պարզվեց ոչ-աշխատանքային տոն ա»։ «Խի էսօր տո՞ն ա»։ «Հա, Սարդարապատի օրն ա»։

Սա իմ ներկայությամբ մի քանի տարի առաջ տեղի ունեցած խոսակցություն է։ Ակնհայտ է՝ միջին վիճակագրական հայը ըստ արժանվույն չի գնահատում 1918 թվականի մայիսի 28-ի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։

Մենք նաև ծանոթ չենք Առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչներին, չենք արժևորում իրենց անկրկնելի խիզախությունը, խոհեմությունը, հավատն ու կամքը պատերազմի, սովի, ցեղասպանության ու համաճարակի իրավիճակում՝ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Իսկ ԱՄՆ-ում Ջորջ Վաշինգտոնին ու մնացյալ հիմնադիր հայրերին մարդիկ մեծագույն ակնածանքով են վերաբերվում՝ գիտակցելով այդ այրերի նվիրվածությունը ազատության երկիր կառուցելու գաղափարին։

 

 

Բայց ինչպե՞ս կարելի է չգնահատել այն փաստը, գուցե հրաշքը, որ հարյուրավոր տարիներ անց հայ ժողովուրդը վերստեղծեց անկախ պետականություն, քարտեզի վրա նորից տեղ գտավ «Հայաստան» անվանումը։

Եթե 1918-ին Հայաստանի Հանրապետությունը չհիմնադրվեր, չէր լինի նաև Հայկական ԽՍՀ-ն, ու հետևաբար մեր այսօրվա անկախ Հայաստանն էլ չէր կարող ստեղծվել։ Սա պարզ ճշմարտություն է։ Միայն այսքանը հերիք է Առաջին հանրապետության հիմնադրումը համարել «համազգային անհերքելի ամենամեծ տոն»։ Անկասկած, յուրաքանչյուրս «պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Իրականում Առաջին հանրապետությունն անցյալ չէ, պատմություն չէ։ Այն հիմա էլ է ապրում։ 1991 թվականին անկախությունը վերականգնած Հայաստանի պետական բոլոր խորհրդանիշերի հիմքում Առաջին հանրապետության խորհրդանիշերն են։

1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի համաձայն՝ Հայաստանը «զարգացնում է 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:

Այդպես ամուր է պահվում Առաջին և Երրորդ հանրապետությունների քաղաքական-պատմական կապը։ Անկախության հռչակագիրը, օրհներգն ու զինանշանը փոփոխելու մասին իշխանության պարբերական դարձած հայտարարությունները խաթարում են այս կապը։

Ի վերջո, Երրորդ հանրապետության հիմնադիր այրերը կարող էին սեփական նախաձեռնությամբ նոր պետական խորհրդանիշեր հեղինակել։ Բայց ոչ, նրանք ընտրեցին Առաջին հանրապետության խորհրդանիշերը, քանզի Երրորդ հանրապետությունը Առաջինի տրամաբանական շարունակությունն է։

 

Մեր ծննդյան տարեդարձերին, Ամանորին մենք շնորհավորում ենք միմյանց։ Եկեք կարևոր պետական տոներին ևս շնորհավոր ենք միմյանց, որովհետև բացի համազգային և համապետական տոն լինելուց, Մայիսի 28-ը նաև անհատ հայի տոնն է։ Այս օրվա շնորհիվ է ուղղակի հայն այսօր նաև պետականություն ունեցող ազգության ներկայացուցիչ։

Սիրելի ընթերցող, շնորհավոր Մայիսի 28:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031