Առաջին աշխարհամարտի պատմաքաղաքական կարևորագույն հետևանքներից մեկը պատերազմի մասնակից կայսրությունների փլուզումն էր, որը հանգեցրեց աշխարհի քաղաքական քարտեզի փոփոխությանը և մի շարք նոր պետությունների առաջացմանը։ Նման գործընթացներից անմասն չէր նաև Հարավային Կովկասը, որը Ռուսական կայսրության փլուզմամբ և Մոսկվայում խորհրդային իշխանության հաստատմամբ հայտնվեց բեկումնային իրավիճակում։ Հարավկովկասյան երեք հիմնական ժողովուրդների՝ հայերի, վրացիների և կովկասյան թաթարների քաղաքական հայացքները և առաջնահերթությունները միշտ չէ, որ համընկնում էին՝ հանգեցնելով երկրամասի ապակայունացմանը։ Հատկապես սուր էին արտահայտված կովկասյան մահմեդականության քաղաքական վերնախավի թուրքասիրական հակումները, որոնք ամբողջությամբ տեղավորվում էին օսմանյան երիտթուրքական պանթյուրքիստական ծրագրի մեջ՝ նպատակ ունենալով ստեղծելու հսկայածավալ մի պետություն՝ Մեծ Թուրան՝ ծայրահեղ ագրեսիվ ազգայնական մի ծրագիր, որը ենթադրում էր այս ճանապարհին բոլոր այլազգիների, մասնավորապես հայերի ֆիզիկական բնաջնջում, ինչը փաստացի տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում։ Կովկասյան մահմեդականության քաղաքական վերնախավը 1918 թ․ գարնանը ջանք ու եռանդ չէր խնայում՝ համոզելու թուրքական բանակի հրամանատարությանը՝ ռազմակցման ենթարկելու Բաքվի և ելիզավետպոլի նախահանգները, ինչից թուրքական հրամանատարությունը խուսափում էր արտաքին քաղաքական խնդիրներից ելնելով։ Սակայն թվում է, թե երկու կողմերը մայիսի վերջին գտան փոխշահավետ տարբերակ՝ Արևելյան Այսրկովկասում ինչ-որ պետության անկախության հռչակում, որի փաթեթավորմամբ կիրականացվեր օսմանյան փաստացի վերահսկողության հաստատումը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի տարածքների նկատմամբ։ Պետության անվան փնտրտուքները երկար սպասեցներ չտվեցին, և Պարսկական պատմական Ատրպատական-Ազերբայջան հնագույն տոպոնիմը պատմության մեջ առաջին անգամ տարածվեց Արաքսից հյուսիս ընկած տարածքի նկատմամբ՝ տարածաժամանակային խզում առաջացնելով արդարացիի և իրականության միջև։
1918 թ․ մայիսի 28-ին հարավկովկասյան երկու հնագույն ժողովուրդների՝ հայերի և վրացիների հետ միասին, ամբողջությամբ ընդօրինակված մի լղոզված հռչակագրով ծնունդ առավ մի ցեղասպան պետություն, որի պատմության առաջին էջերը ներկված են ռասիզմի, էթնիկ և կրոնական խտրականության ծանր հանցանքներով։ Ասվածի վառ վկայությունն են 1918 թ․ սեպտեմբերին Բաքվի 30 հազար հայության կոտորածը, մնացյալ հայության տեղահանումն ու մնացածների դժոխային կենսակերպը, 1918-1919 թթ․ Նախիջևանի հայության կոտորածներն ու տեղահանումը, 1920 թ․ մարտին Շուշիի հայության կոտորածն ու տեղային մեծամասշտաբ ու փոքրածավալ բազմաթիվ ջարդեր, որոնք խոսուն վկայությունն են այն բանի, որ Հարավային Կովկասում 1918 թ․ մայիսից բույն դրեց նախկինում գոյություն չունեցած մի ախտածին վարչակարգ, որի հարյուրամյա պատմության էջերը ոչ այլ ինչ են, եթե ոչ այլատյացության և հայասպանության մի հսկայական շարք, որը խոսրովսուլթանովությունից տարիների ընթացքում վերաճեց ռամիլսաֆարովության՝ 1988-1992 թթ․ ամբողջությամբ հայաթափելով պատմական Գարդմանը, Շիրվանը, Նախիջևանը, 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղը։
Այսօր՝ պատմական իրադարձությունների ավելի քան մեկդարյա հեռավորությունից հստակորեն ուրվագծվում է հետևյալը․ Ադրբեջան պետության գոյության հիմնասյուներն են Հայատյացությունը, ռասիզմը, ծավալապաշտությունը, քաղաքական վանդալիզմը, պատմական գրպանահատությունը։ Թվարկվածից յուրաքանչյուրն ունի իր բազմապատիկ հաստատումը։ Բավական է կարդալ Ադրբեջանի նախագահի վերջին մի քանի հայտարարությունները՝ հասկանալու համար, որ միայն Հայատյացությամբ է հնարավոր պահել սեփական վարչակարգի անսասանությունը, որ միայն ռազմական լուծումների տրամադրած ծավալապաշտությամբ է հնարավոր կերակրել սեփական բարդութավորված հասարակության պահանջմունքները, որ միայն քաղաքական վանդալիզմով է հնարավոր լռեցնել ակնհայտը և պատմական գրապանահատությամբ է հնարավոր ստեղծել սեփական պատմությունը, որպեսզի այն չպարփակվի հարյուրամյա ցեղասպանի տխուր վերնագրի տակ։ Անվանումը կորզելով Իրանից, մշակույթը, տարածքները հարևան ժողովուրդներից՝ Ադրբեջանը վերածվել է կարկատանի՝ բռնապետության թելով «լեգիտիմացված» և վախի տիրապետության, ստրկության չգիտակցման, աղքատության և ահաբեկման փշալարերի տակ՝ թշնամության և անհանդուրժողականության մաղձի մեջ թաթախված։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան վարքը, որը ծայրից ծայր հակասում է ինչպես դեռ 1918 թ․ մայիսի 28-ին հռչակված անկախության սկզբունքներին, այնպես էլ ժամանակակից աշխարհում օրինակելի պետության բնորոշիչներին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերանայել պատմական ըմբռնման սեփական մոտեցումները՝ դրանք համապատասխանեցնելով մարդկության քաղաքակրթական ձեռքբերումներին, մասնավորապես՝ միջազգային մարդասիրության նորմերին և կանոններին։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Զորահանդես Բաքվում հայկական կոտորածից հետո։
«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ