«Հայրենի եզերքում արգելափակված ենք մնացել: Մենք Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի Հաղպատ կայարանի հատվածում ենք ապրում, կամուրջներից մեկը քանդված է, մյուսն էլ գետը քշել է… 10 հոգի ենք: Եթե օգնության պետական ինչ-որ ծրագիր կա, խնդրում ենք՝ օգնեն: Տանն ինչ կա, արդեն սպառվում է» ,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էմմա Մաթոսյանը, որը մեկն է այդ տարածքում տարերային աղետի պատճառով արգելափակվածներից:
«Հոսանք չկա, հեռախոսներն էլ շուտով կանջատվեն, քանի որ հնարավորություն չունենք լիցքավորելու, սառնարաններում ինչ ունեինք՝ վերջացել է կամ փչացել: Արդեն երրորդ օրն է, այս վիճակում ենք: Շուրջ բոլորը տիղմ է, այգիները գետը քշել է, բնակիչները մեծ վնասներ են կրել»,-ասաց տիկին Էմման:
Հարցին՝ ինչպե՞ս է պատահել, որ մյուսները տարհանվել են, իրենք՝ ոչ, մեր զրուցակիցը հետեւյալ կերպ արձագանքեց. «Սա փոքր թաղամաս է երկաթգծի կողմից սարքած տներ են, այգիներում ենք ապրում՝ 4-5 տուն ենք: Առավոտյան արթնացել ենք ու տեսել, որ ճանապարհ չկա: Մի խոսքով՝ մնացել ենք շրջափակման մեջ»:
Լոռեցի լրագրող Հրաչյա Պապինյանը քիչ անց ֆեյսբուքի իր էջում գրեց, որ փրկարարները արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չունեին, եւ վերջապես կսկսեն միջոցներ ձեռք առնել՝ նրանց սնունդ հասցնելու համար:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հրաչյա Պապինյանի ֆեյսբուքյան էջից: