Առաջին աշխարհամարտը հայ ժողովրդի հավաքական պատմության մեջ դրոշմվել է որպես գոյութենական պայքարի շրջան, երբ հայության տարբեր հատվածներ ստիպված եղան զենքով պաշտպանելու սեփական գոյության իրավունքը, որը վտանգված էր ծայրահեղ ազգայնական գաղափարախոսության՝ պանթյուրքիզմի պետականացման և գործարկման պայմաններում։
Արևմտյան Հայաստանի ամբողջական հայաթափումից հետո ցեղասպանության վտանգը կախվեց նաև արևելահայության վրա, որն արդեն իսկ հյուծիչ պայքար էր մղում թաթարական անկանոն հրոսակախմբերի դեմ, որոնք երկաթուղային ճանապարհների շրջափակմամբ, հայկական բնակավայրերի ավերով և թալանով կաթվածահար էին անում երկրամասի թե՛ բնականոն կյանքը, թե՛ դիմադրական կարողությունները։ 1918 թ․ մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով, դրանցում տարած հաղթանակով արևելահայությունը վաստակեց իր հայրենիքում պետականության վերականգնման և կենսագործունեության այլևս անօտարելի իրավունքը։ Սակայն հայոց վերականգնված պետականությունը սկզբնական համեստ սահմանների, հնարավորությունների սղության, տնտեսական անկման և մի շարք այլ պատմաքաղաքական հանգամանքներով պայմանավորված ի զորու չեղավ ապահովելու ողջ արևելահայության ֆիզիկական անվտանգությունն ու կենսագործունեությունը, մասնավորապես այն տարածքներում, որոնք դուրս մնացին հայկական ուղղակի վերահսկողությունից։ Հենց նման կերպ արևելահայության մի ստվար զանգված 1918-1920 թթ․ հայտնվեց բռնի տեղահանման և ցեղասպանման վտանգի առաջ։ Իսկ այդ վտանգը Արաքս գետից հյուսիս և Կասպից ծովից արևելք ընկած տարածքում Ադրբեջան անվամբ կնքված թուրքական ցատկահարթակն էր, որի հիմքը ստեղծման իսկ օրից դարձավ հայատյացությունը, որովհետև այլ կերպ անհնար էր միավորել էթնոսոցիոբազմազանությամբ և մշակութային անհամասեռությամբ բնութագրվող բնակչության այդ անհասկանալի զանգվածը, որի կրոնական մոլեռանդությունը հմտորեն օգտագործվում էր թուրք-թաթարական հրամանատարության կողմից։ Արդյունքում 1918 թ․ սեպտեմբերին Բաքվի բազմահազար հայությունը ենթարկվեց անասելի կոտորածի, Նուխիի, Արեշի, Շամախիի, Գանձակի հայությունը ենթարկվեց ջարդի, թալանի, տեղահանության, 1918-1919 թթ․ գրեթե ամբողջությամբ հայաթափվեց Նախիջևանը, պատմական Գարդմանի հայությունը ևս անմասն չմնաց արևելահայության մնացյալ հատվածի ճակատագրից։
Պատմական անցյալի հետահայաց ուսումնասիրությունը հստակորեն ցույց է տալիս, որ հայոց անկախության վերջին հարյուրամյակի պատմությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պայքարի ռասիզմի դեմ, որի տարածաշրջանային դրսևորումը Հայատյացությունն է՝ պետականորեն խրախուսվող այն երկրի կողմից, որը յուրացման համաշխարհային պրակտիկայում գրավում է առաջնային դիրքեր՝ որպես գողոն ունենալով ինքնութենական գրեթե բոլոր ատրիբուտները՝ սկսած պետության անվանումից վերջացրած այն պատմույթներով, որոնք այսօր տարածվում են ներքին և արտաքին հանրային բարդույթների հաղթահարման համար։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է հայոց պետականության վերականգնման 106-րդ տարեդարձը։ Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ հայոց կենսագործունեության միակ երաշխավորը անկախ պետականությունն է, որը անհրաժեշտ է կերտել պատմական արդարության վրա հիմված սահմաններում։ Հանգամանք, որի անկատարությունը հանգեցրեց հայության հոծ զանգվածների՝ գարդմանահայության, նախիջևանահայության, շիրվանահայության և Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը և բռնի տեղահանմանը։
Կարդացեք նաև
«Գարդման–Շիրվան–Նախիջևան» համահայկական միություն