Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի այն հայտարարությանը, թե այս շարժումը «ֆաշիստական է»։ «Բայց իրենք գիտե՞ն՝ ինչ է ֆաշիզմը, երեւի չգիտեն։ Այստեղ ֆաշիզմ չկա»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է հանդիպել Բագրատ սրբազանի հետ, Միքայել սրբազանն ասաց․ «Փախուստի մեջ է, բա էլ ի՞նչ անի։ Վախկոտը միշտ էլ խուսափում է, այդպես չէ՞։ Եթե վախկոտ չլիներ, կհանդիպեր։ Ստախոս մարդ է ինքը, միշտ էլ սուտ է խոսել։ Այդ մարդն ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, բայց հիմա նույնիսկ Արցախի անունը չի տալիս։ Արցախի Հանրապետությունը գոյություն է ունեցել 30 տարի, բայց իրենք նույնիսկ դրա մասին են լռում»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նա ասաց․ «Ո՞ւր էր նայում ինքը, ինքը չէր այդ ժամանա՞կ ղեկավարը, ո՞ւր էր նայում, ինչո՞ւ էր թույլ տալիս նման բան, ինչո՞ւ այն ժամանակ չէր ասում, ինչո՞ւ կուլիսների հետեւում այդ հարցը չէր լուծում, ինչո՞ւ էր անճար»։
Հարցին, որ Փաշինյանն ասում է՝ նախկիններն են հանձնել Արցախը, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Հերթական հիմարությունը։ Եթե նույնիսկ նախկինները տվել էին, կարող էիր չեղյալ համարել այդ ամենը։ Սեւրի դաշնագրով էլ Տրապիզոնը Հայաստան էր, Աթաթուրքը եկավ, ասաց՝ ոչ մի Սեւր։ Կարսն էլ վերցրեց, Տրապիզոնն էլ, Մուշն էլ»։
Կարդացեք նաև
Այն դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորներն իրեն մեղադրում են սուր ելույթների համար, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Հեչ քունս չեմ կորցնում իրենց համար, ես իմ քունը կորցնում եմ այլ պատճառով՝ Արցախի կորուստ, հայրենիքի կորուստ»։
Նա նշեց, որ այս իշխանությունները մեզ պատիժ են՝ մեր մեղքերի համար․ «Աստված սրանցով պատժում է մեզ։ Մենք էլ հավաքվում ենք, ասում ենք՝ ժողովուրդ ապաշխարեք, խնդրեք Աստծուց, որպեսզի այս չարի իշխանությունը փոխվի»։
Միքայել սրբազանն անդրադարձավ նաեւ Եկեղեցին հարկելու մասին իշխանությունների հայտարարություններին։ Հարցին, թե եկեղեցիներից բացի՝ ի՞նչ շինություններ են պատկանում Եկեղեցուն, նա պատասխանեց․ «Ես նույնիսկ գյուղեր եմ ասել, հինգ գյուղ՝ իրենց հողատարածքներով, պատկանել է հայ Եկեղեցուն։ Օրինակ՝ Վաղարշապատը, Եղվարդը, որոնք հիմա քաղաք են, Մուղնի, Օշական եւ Մաստարա։ Բայց մենք այդ գյուղերը հետ չենք ուզում, մենք ասում ենք՝ Աստված ձեզ հետ, բայց գոնե իմացեք, որ բռնագրավել եք եւ կարող եք դրա դիմաց փոխհատուցում տալ։ Դա մենք հանձնել ենք հայ ժողովրդին, իրենցն է, Մատենադարանը հայ ժողովրդինն է, բայց ձեզ զուսպ պահեք, չափի մեջ պահեք։ Հարկելու ենք, ո՞ւմ եք հարկում»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ