«Այսօր այստեղ պետք է լիներ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը։ Այստեղ չէ, որովհետեւ վաղուց արդեն նա դադարել է լինել մեր ժողովրդի իղձերն ու երազանքներն իրականացնողը, որովհետեւ վաղուց դադարել է լինել բարոյական, հոգեւոր խորը արժեքի կրողն ու փոխանցողը, որը միայն ուղղված է մեր ժողովրդի վերելքին, հատել է բոլոր սահմանագծերը, բոլոր տեսակի՝ ե՛ւ իրավական, ե՛ւ մարդկային եւ բարոյական։ Այսօրը դրա վկայությունն է՝ այստեղ չլինելու։ Ես չգիտեմ՝ դա սեփական որոշումն է, թե թելադրված է որեւէ տեղից, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք, եւ այսօր այստեղ դուք հերթական անգամ, արձանագրում եք այն հաղթանակը, որն այս ճանապարհի մեջ, այս ընթացքի մեջ սրբազան պայքարի բովով տեւապես արձանագրում եք»,-այս մասին այսօր Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատում իր ելույթում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Կեցցե՛ ազատ, ինքնիշխան, անկախ եւ մեր բոլորի երազանքների, իղձերի շոշափելի վկայություն, մեր համբուրելի Հայաստանի Հանրապետությունը»,- այսպես է սկսել իր ելույթը սրբազանը։
Նա ասաց, որ թեպետ այս տոնը նշում ենք մեր բոլոր ժամանակների մեջ թերեւս ամենանվաստ եւ ամենաանպատիվ շրջանում, բայց դա երբեք ընկճվելու, հուսահատվելու, նահանջելու ճանապարհ չէ, այլ՝ մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ է՛լ ավելի մեծ սխրանքների․ «Մեր հայացքը դեպի երկինք է՝ մեր բոլոր հերոսներին, նահատակության փառքի պսակն ընդունած մեր նախնիներին եւ մեր եղբայրներին, մեր հայրերին, զավակներին, մեր մայրերին ու դուստրերին, ովքեր մեզ համար ճանապարհ են գցել իրենց կյանքն ընծայելով։ Մեր Սարդարապատի հերոսներից սկսած՝ մինչեւ Արցախյան ազատամարտ ու մինչեւ այսօր, որքան հեռու է մեզ թվում մեր սարդարապատյան հերոսամարտն ու հաղթանակները, այնքան մենք ապրում ենք այսօրվա իրականության մեջ մեր մեջ ապրած հերոսների հետ, ում ծնողներն այստեղ են նաեւ»։
Կարդացեք նաև
Սրբազանի խոսքով․ «Սիրելի ժողովուրդ, մի պահ պատկերացրեք 106 տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր նշանավոր հրամանատարների ներկայությամբ՝ գեներալ Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Արամ Մանուկյան, կանգնած են վեհարանի դահլիճում՝ մտախոհ Հայոց Հայրապետի առջեւ իրենց հրավիրելու բարձրանալ Բյուրականի կամ Սեւանի բարձունքները, որտեղ թշնամին ենթադրաբար չի կարող հասնել։ Այս դաշտում էր գտնվում մեծ հաղթանակներով հղփացած թշնամական բանակը։ Մենք կանգնած ենք մի այնպիսի միջավայրում, որտեղ նույնիսկ չգիտենք, թե մեր ոտքերի տակ ինչպիսի մարմիններ ու որքան արյուն է հեղվել, այդքան երկյուղալի ու սրբացած է այս վայրը մեզ համար, այդքան առաձգական է մեզ համար, այդքան ծնունդ տվող է մեզ համար։ Եվ այդ օրերին, երբ շփոթված էին թե՛ զինվորականությունը, թե՛ ժողովուրդը, հարվածված մեծ ցեղասպանությունից հետո, հայրենազրկված, մոլորված, հիվանդություններով, զրկանքներով, սովահարությամբ տառապող այդ օրերին ծագում է Ամենայն Հայոց Հայրապետի՝ Գեւորգ 5-րդ Սուրենյանցի աստվածաշունչ խոսքը՝ ո՛չ եւ ո՛չ, եւ հազար անգամ ոչ՛, ես չեմ լքի Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, որն ինձ տրվել է Աստծո ողորմությամբ եւ իմ ազգի որոշումով, եւ եթե հայոց զինվորականությունն ու ժողովուրդը չի կարող պաշտպանել այն, ուրեմն ես կընկնեմ այստեղ՝ Մայր Աթոռի շեմին, որի գահակալի պատիվն ունեմ։ Եվ Վեհափառը դառնում է ժողովրդին, ասելով՝ պատրա՞ստ եք ելնել, եւ հրաշքը տեղի է ունենում։ Պատրաստ ենք ելնելու, Վեհափառ Տեր»։
Սրբազանի այս խոսքերը մարդիկ ծափողջյուններով ընդունեցին։
Նա, դիմելով շարժման մասնակիցներին ու աջակիցներին, ասաց՝ դուք այս օրերին փաստել եք, որ նույն հոգին ունեք, փաստել եք, որ ասել եք ոչ անպատվությանը, նվաստացմանը, ստին, թշնամությանն ու ատելությանը եւ ասել եք այո ճշմարտության հաղթանակին, ասել եք այո պատվին ու հայրենիքին․ «Աստված օրհնել է մեր ընթացքը, մնում է մենք ականջալուր լինենք նրան եւ շարունակենք այդ ընթացքը հավատարմության մեջ»։
Մանրամասն՝ տեսանյութում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները գիշերն անցկացրել են Սարդարապատում։ Նրանք մտադիր էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ ենթադրվում էր, որ այսօր՝Հանրապետության տոնի առթիվ նա կայցելի հուշահամալիր։ Մամուլը գրել է, որ Փաշինյանը սադրանքներից խուսափելու համար չի այցելի Սարդարապատի հուշահամալիր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ