Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալը. Արման Դիլանյան

Մայիս 28,2024 11:33

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 28-ին, բազմաթիվ հայորդիների արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը՝ հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան:

Պետականությունն ու անկախությունը դիպվածի արդյունք չեն: Դրանք ազգի և ժողովրդի ինքնապահպանության, հավաքական արժանապատվության հրամայականով իրողություն դարձնելուն պատրաստ նրա հարյուր հազարավոր զավակների գիտակցված ինքնանվիրումի, հսկայական ջանքերի ու զոհողությունների շնորհիվ կերտվող անգին արժեքներ են, որոնց պահպանումն ուժերի էլ ավելի մեծ լարում և իմաստնություն է պահանջում:

Վերջին տարիներին մեր շուրջը և մեր ներսում տեղի ունեցած իրադարձություններն ի ցույց դրեցին և՛ լավ, և՛ վատ բազմաթիվ իրողություններ, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Այսօր մեր պետությանը նետված մարտահրավերները պարտադրում են վերստին վերգտնել մեր միասնականությունն ու կամքը՝ առանց ներքին ցնցումների հաղթահարելու մեզ նետված մարտահրավերները։ Դրանում հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալն ու այդ արժեքներով առաջնորդվելը:

Մենք անկախության և պետականության համար չափազանց թանկ ենք վճարել և այժմ՝ ավելի քան մեկ դար անց, պետք է առաջնորդվենք ոչ թե հույզերով, այլ ինստիտուցիոնալ մտածողությամբ, և յուրաքանչյուրս մեր տեղում՝ մարդկային ու մասնագիտական բարեխղճությամբ, քրտնաջան աշխատանքով մեր նպաստը բերենք հայոց պետականության ամրացմանն ու Հայրենիքի հզորացմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ՝ ուժ և ամուր կամք եմ մաղթում մեր իմաստուն ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031