Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանն արտահերթ ընտրությունների մասին․ «Մենք հիմա նման բան բացարձակ չենք դիտարկում, այս պահին դա օրակարգի հարց չէ»

Մայիս 28,2024 10:40

«Երկու պատճառ կա, մեկը՝ նա այլեւս որեւէ ձեւով կապ չունի մեր երկրի հետ, մեր խորհրդանիշների հետ, ինքն արդեն հռչակել է իրական եւ պատմական Հայաստանը։ Աբսուրդ»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով այն լուրերին, որ այս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելելու հուշահամալիր։

Սրբազանը Փաշինյանի՝ հուշահամալիր չգնալու վերաբերյալ մեկ այլ պատճառ էլ նշեց․ «Միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու»։ Նա նկատի ունենալով Թուրքիան, ասաց՝ մի հարեւան պետություն կա։

Դիտարկմանը՝ տեսակետներ կան՝ քանի որ նպատակ կա հուշահամալիրում սադրանք հրահրել, դրանից խուսափելու համար Փաշինյանը կառավարության մյուս անդամների հետ որոշել է չայցելել Սարդարապատ, սրբազանն այսպես արձագանքեց․ «Մենք երբեւէ որեւէ մեկին սադրե՞լ ենք։ Մենք եկել ենք ուխտագնացության, սրբավայր է մեզ համար Սարդարապատը, ինձ համար ամենամեծ ներշնչման տեղն է եղել։ Ես ինչո՞ւ պիտի մտնեմ այդ ճղճիմ խոսակցությունների մեջ»։

Հարցին՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, դուք լինեք կառավարության ղեկավար, Ադրբեջանը ձեզ հետ կբանակցի՞ խաղաղության պայմանագրի շուրջ, սրբազանը պատասխանեց․ «Եթե լրագրողի հետ բանակցել է, ինձ հետ էլ կբանակցի»։

Լրագրողի դիտակմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակավոր կառավարության ղեկավար եք լինելու, այդ պատճառով չբանակցի ձեզ հետ, Բագրատ սրբազանը պատասխանեց․«Բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են։ Այն հարցերին, որոնց կարող եմ բանակցել, այդ հարցերը տվեք»։

Նա հիշեցրեց՝ մենք հայտարարել ենք, որ այս գործընթացները՝ սահմանազատում, սահմանագծումը պետք է դադար առնեն՝ պայմանավորված ներքին կյանքով․ «Հիմա դա կստացվի, չի ստացվի․․․Մենք ոչ տեղեկություն ունենք, ոչ փաստաթղթի ենք տիրապետում, ոչ բանավոր խոսակցությունները գիտենք։ Ենթադրությունների դաշտում ենք ապրում»։

Լրագրողի հարցին՝ եթե վեց ամիս եք կառավարելու, ապա արտաքին հարաբերությունների մասին տեսլականը ինչի՞ մասին է, սրբազանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ վեց ամիս է, մեկ տարի է։ Եթե մեր կյանքը հիմնված պիտի լինի հատվածների վրա, սա սխալ է։ Այդ ժամանակահատվածը բավականին մեծ ժամանակահատված է նախ դադար առնելու համար, հասկանալու՝ ինչ իրադրության մեջ ենք, ինչ ժառանգություն է թողնվել թղթի վրա, պայմանավորվածությունների ինչ փաթեթ կա, ինչ կա, որ մենք արդեն իսկ հանձնել ենք ու տեղյակ չենք։ Ես հանրությանը որեւէ բացառիկ տեսիլք չեմ փոխանցել, որ այսպես է լինելու։ Գաղափարն է փոխանցված»։

Եթե իշխանությունը դիտարկի արտահերթ ընտրություններ անցկացնել, ձեզ համար ընդունելի կլինի՞, այս հարցին ի պատասխան՝ սրբազանն ասաց․ «Մենք հիմա նման բան չենք դիտարկում, բացարձակ չենք դիտարկում, կարիք չկա դրա մասին նույնիսկ խոսելու, որովհետեւ դա օրակարգի հարց չէ այս փուլում»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները գիշերն անցկացրել են Սարդարապատում։ Նրանք մտադիր էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ ենթադրվում էր, որ այսօր՝Հանրապետության տոնի առթիվ նա կայցելի հուշահամալիր։ Մամուլը գրել է, որ Փաշինյանը սադրանքներից խուսափելու համար չի այցելի Սարդարապատի հուշահամալիր։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031