«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները գիշերն անցկացրել են Սարդարապատում, վրաններ են տեղադրել հուշահամալիրի մոտ: Նրանք մտադիր էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը հուշահամալիր։ Սակայն լուրեր կան, որ վարչապետը չի գնալու Սարդարապատ՝ նա ՀՀ նախագահի նստավայրում մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:
«Մենք շատ անելիք ունենք այսօր, որպեսզի Սարդարապատն էլ չգողանան մեզանից, որպեսզի արդար դատն էլ չգողանան մեզանից։ Անելիք ունենք որպես ժողովուրդ, որպես ազգ՝ ապաքինվելու»,-գիշերը Սարդարապատում ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով․ «Մեզ խաբել են ու վախեցրել, որ հայրենիքի համար ինքնաընծայվելը ոչ մի արժեք չունի։ Ամենամեծ արժեքն է, որովհետեւ մեր իղձերը, երազանքներն ավելին են, քան մի քանի տարվա կյանքը։ Հավատացեք սրան, այդպես ապրեք, իղձերով ու երազանքներով ապրեք, իրականացրեք դրանք»։
«Ոչ ոք չպետք է վախենա ճշմարտության մասին խոսել, ոչ թե միայն իր պատկերացրած ճշմարտության, այլ՝ բացարձակ ճշմարտության։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում մի ամբողջական հայրենիք զիջել, հանձնել եւ նրա կողքով սուսուփուս անցնել։ Ես նկատի ունեմ մեր Արցախ աշխարհը։ Մի ամբողջ սահման կտրել, չափել, ձեւել և նրա կողքով սուսուփուս անցնել, մարդկանց հալածել, հայացքների համար կալանավորել, անընդհատ ճնշել ու նրա կողքով սուսուփուս անցնել, մարդկանց կեղեքել, ծառայեցնել իրենց սեփական շահերին ու նրանց կողքով սուսուփուս անցնել։ Մարդկանց դարձնել գերի ու ստրուկ, ստեղծել համակարգեր, որոնք միայն իրենց են ծառայում»,-գիշերը Սարդարապատում ասել է Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Շարժման տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ին Սարդարապատի հուշահամալիրում նախատեսվում է հավաք, որի ժամանակ Բագրատ սրբազանը հանդես կգա ուղերձով, ապա կլինի ավտոերթ դեպի Երեւան:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ