«Ալավերդիում աղետ է, իսկ դուք այստեղ միտինգ եք անում», – քարոզում են փարիսեցիները: Աղետը Հայաստանում սկսվել է 2020 թվականի նոյեմբերին եւ շարունակվում է առ այսօր՝ մասնավորապես Տավուշի մարզում: Նրանք, ովքեր մեղավոր են ու պատասխանատու այդ աղետի համար, պետք է ոչ միայն ոչ մի ձայն չհանեն, այլեւ քայլեն՝ առանց աչքերը գետնից կտրելու: Ծայրահեղ լկտիություն է, երբ նրանք ոչ միայն խոսում են, այլեւ հոխորտում են ու ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրում:
Հատկապես զավեշտալի է, որ Բագրատ սրբազանին մեղադրում են Լոռվա եւ Տավուշի մարզում ջրհեղեղի համար: Բնական աղետներին պատրաստվելը, դրանց հետեւանքները վերացնելը պետության պատասխանատվությունն է: Իսկ պետության ղեկավարությունն արդեն 6 տարի է հանձնված է ձեզ: Այնպես որ՝ ուրիշ պատասխանատուների մի՛ փնտրեք:
Իշխանության ներկայացուցիչներին, քարոզչական խմբերին, «ֆեյքերի ֆաբրիկաներին», եթերից եթեր շրջող հիմնական բանախոսներին հանձնարարված է վարկաբեկել Բագրատ սրբազանին եւ նրա ղեկավարած շարժումը: Ջրհեղեղը եւ դրանից տուժած մարդկանց իրական ողբերգությունը նույնպես դարձրել են նման քարոզչության «փաստարկ»:
Մնացած փաստարկներն են՝ Քոչարյանի եւ Ռուսաստանի հետ կապը, հօգուտ որի ոչ մի ապացույց չի բերվում, Կանադայի քաղաքացի լինելը (որը հետագայում իսկապես կարող է իրավական խնդիր առաջացնել), հոգեւոր ծառայությունը սառեցնելու խնդրանքը:
Կարդացեք նաև
Վերջին հարցում Մայր աթոռը, կարծում եմ, պետք է ավելի մանրամասն պարզաբանումներ տա՝ արդյո՞ք նման մեխանիզմ կամ պրակտիկա գոյություն ունի, եւ ի՞նչ է դա գործնականում նշանակում:
Անձամբ ինձ թվում է, որ Վեհափառը կարող է մի կողմից կարգալույծ անել Բագրատ սրբազանին, մյուս կողմից՝ օրհնել նրան քաղաքական պայքարի: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Բայց գուցե սխալվում եմ;
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ