Կան մի շարք առողջական վիճակներ, որոնք կարող են ուսահոդում ցավերի առաջացման պատճառ դառնալ․ այս հոդվածում մենք դիտարկում ենք այն հիմնական խնդիրները, որոնք անմիջականորեն ազդում են ուսահոդի ու շրջակա հյուսվածքների վրա, ինչպես նաև ներկայացնում այդ խնդիրները հաղթահարելու հնարավորությունները։
Կախված պատճառից՝ ուսահոդի շրջանում ցավը կարող է լինել բութ կամ սուր, թեթև կամ ծանր, այն կարող է ուժեղանալ շարժվելիս կամ առաջանալ այն դեպքում, երբ որոշակի գործողություններ են կատարվում կամ ծանրությունն ընկնում է ուսի վրա։
Մի շարք խնդիրների պատճառով ուսը կարող է նաև որոշակիորեն կորցնել իր շարժունակությունը, այտուցվել կամ կոշտանալ։
1․ Ուսահոդի պտտող մանժետի ջլերի վնասվածք
Պտտող մանժետը կազմված է 4 ջլերից, որոնք շրջապատում են ուսոսկրը։ Այդ ջլերի վնասվածքներն ուսահոդում ցավերի առաջացման տարածված պատճառներից են համարվում։ Այս խնդիրը կարող է առաջանալ հանկարծակի վնասվածքի կամ դեգեներատիվ գործընթացների հետևանքով։ Դեգեներատիվ գործընթացներ են առաջացնում՝
Կարդացեք նաև
- հոդի մաշվածությունը,
- տարիքը,
- այդ հատվածի ծանրաբեռնվածությունը, երկարատև չարաշահումը։
Վնասվածքը կարող է լինել ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական, որի դեպքում մկանը լիովին առանձնանում է ոսկրից։
Ուսահոդի պտտող մանժետի ջլերի վնասվածքների բնորոշ ախտանշաններից են՝
- ձեռքը բարձրացնելու կամ շարժելու ժամանակ թուլության զգացումը,
- ձեռքերի բարձրացնելիս ու իջեցնելիս առաջացող ցավերը,
- շարժումից հետո ուսահոդում կտտոցի զգացողությունը,
- ցավը, որն առաջանում է հանգիստ ժամանակ կամ գիշերը և ուժեղանում է ուսի վրա պառկած դիրքում։
Բուժումը
Պտտող մանժետի վնասվածքների բուժումը կախված է պատռվածքի աստիճանից, մարդու տարիքից, առողջական ընդհանուր վիճակից։
Ըստ անհրաժեշտության կարող են կիրառվել հետևյալ մեթոդները՝
- հանգիստ,
- ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ,
- գործունեության տեսակի փոփոխություն,
- ստերոիդների ներարկումներ
- վիրահատական միջամտություն։
2․ Օստեոարթրիտ
Օստեոարթրիտն արթրիտի առավել տարածված տեսակներից է և հիմնականում կապվում է վնասվածքների ու մաշվածության հետ։ Այն սովորաբար դանդաղ է զարգանում՝ մի քանի տարիների ընթացքում և կարող է առաջացնել ցավ, որն ուժեղանում է շարժվելիս ու նվազում է ժամանակի ընթացքում։ Սակայն ցավը շարունակում է խանգարել անգամ գիշերվա ժամերին՝ խաթարելով քունը։
Այլ ախտանշաններն են շարժվելիս ուսի մեջ ճաքճքոցի զգացողությունը, շարժունակության կորուստը կամ կաշկանդվածությունը։
Բուժումը
Օստեոարթրիտը վերջնական բուժում չունի, սակայն որոշ միջոցներ կարող են թեթևացնել ցավը, այդ թվում՝
- ցավազրկողները,
- հակաբորբոքային դեղամիջոցները,
- կորտիկոստերոիդները,
- բրեկետները,
- ֆիզիոթերապիան,
- սառը և տաք թերապիան,
- մերսումը,
- բուժիչ քսուկները,
- բուժական մարմնամարզությունը,
- ծայրահեղ դեպքում կարող է իրականացվել վիրահատական միջամտություն։
3․ Տենդինիտ
Տենդինիտն ուսի ջլերի բորբոքում ու այտուց է առաջացնում․ ավելի հաճախ ախտահարվում են պտտող մանժետի ջլերը։
Այս վիճակը կարող է սուր կամ քրոնիկական լինել։ Սուր տենդինիտի դեպքում ցավն առաջանում է հանկարծակի՝ սովորաբար վնասվածքից հետո, քրոնիկ տենդինիտն առաջանում է երկարատև մաշվածության հետևանքով։
Այս վիճակը դրսևորվում է ուսի առջևի հատվածում ցավոտությամբ ու այտուցով, որը տարածվում է դեպի ձեռքը։ Ձեռքը բարձրացնելիս կամ իջեցնելիս ևս կարող է ցավ ու կաշկանդվածություն առաջանալ։
Տենդինիտի նախանշանները սովորաբար թեթև են, սակայն հիվանդությունը, խորանալով, կարող է առաջացնել՝
- գիշերային ցավեր,
- թուլություն,
- շարժունակության կորուստ։
Բուժումը ներառում է՝
- ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կիրառումը,
- ֆիզիոթերապիան,
- կորտիզոնի ներարկումները,
- վիրահատական միջամտությունը
- հանգիստն ու գործունեության ոլորտի փոփոխությունը։
4․ Ուսի հոդախախտ
Ուսը կարող է հոդախախտվել դեպի առաջ, ետ կամ ներքև, ամբողջությամբ կամ մասնակի՝ առաջացնելով՝
- ցավ,
- թուլություն,
- ուսի շրջանում տեսանելի ձևափոխություն,
- կարկամություն,
- ծակծկոցի կամ այրոցի զգացողություն,
- այտուց,
- արյունազեղում։
Ուսի հոդախախտ հաճախ է առաջանում հատկապես մարզիկների շրջանում։
Այս խնդրի դեպքում կարող են կիրառվել հետևյալ մոտեցումները՝
- ուսի անշարժացում,
- փակ ներուղղում, որն օգնում է, որ ուսի ոսկորները բերվեն իրենց դիրքին։
- Վիրահատական միջամտություն,
- ֆիզիոթերապիա,
- հանգիստ։
5․ Բուրսիտ
Ձուսպապարկերը (բուրսա) հեղուկով լցված պարկեր են, որոնք փափկեցնում են հոդերը՝ օգնելով, որ դրանց շարժումները սահուն լինեն: Բուրսիտն այդ ձուսպապարկերի բորբոքումն է, որը կարող է առաջանալ, օրինակ, ուսահոդի օգտագործումը չարաշահելու դեպքում։
Բուրսիտն առաջացնում է ցավ ու կարկամություն, այտուցվածություն ու կարմրություն։ Ցավը կարող է առաջանալ հանգիստ վիճակում կամ հոդերը շարժելիս, սեղմելիս։
Բուրսիտի բուժումը ևս կախված է խնդրի բարդությունից
Որոշ դեպքերում կարող են բավարար լինել վարժությունները, հանգիստն ու սառը թրջոցները, ավելի խորացած դեպքերում՝ դեղորայքային բուժումն ու ներարկումները կամ վիրահատական միջամտությունը։
Ծանուցում․ նյութն ընդանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման ու բուժման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Medical News Today