Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդիս, քո հերոսականությունը անհետք չի մնալու, մենք առաջնորդ ունենք, որը հաղթանակ է բերելու». Խաչիկ Մանուկյան

Մայիս 27,2024 21:31

Այսօր Սարդարապատում բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը` 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը, դիմելով հանրությանը՝ հիշեցրեց գործող իշխանությունների սխալները. «Նրանք ծիծաղով էին Եռաբլուր բարձրանում, փորձում էին բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, որովհետեւ իրենց համար հերոսը սովորական հարկատուն է, այսինքն, մարդու պարտականությունը համարում են հերոսություն, այդքան տկարամիտ են, այդքան տգետ են: Այդքան խորամանկ են, որպեսզի կարողանան արմատից  մեզ պոկել, խլածաղիկների նման փչել ու աշխարհով մեկ ցրիվ տալ: Չի՛ լինելու այդպես: Նրանք իսկապես սխալվել են: Նրանց խոփը քարի է ռաստ եկել, ինչպես Սրբազանն ասաց, այնտեղ լռվելու են: Խմեցին մեր զավակների արյունը վամպիրի պես ու իրենց քաղաքական խայտառակ պարտությունը փորձեցին զինվորին վերագրել, այն դեպքում, երբ տարածքները հանձնեցին պատերազմից հետո: Սա խայտառակություն է, սրիկայություն է, դավաճանություն է կրկին անգամ հերոսների հանդեպ: Սրանք ավելին են, քան դավաճանը: Ինչքան էլ այդ գոյանքները փորձում են մեր հիշողությունը ջնջել, միեւնույն է, սեպագրված է դա մեր հիշողության մեջ: Սրանք եկան խաբեությամբ, բերեցին հերոս Աբաջյանի պապ ներկայացրեցին մեկին, որ շառլատան էր, կապ չուներ Աբաջյանի հետ: Բայց հանձնառություն ուներ էդ բիձեն գար ու ներկայանար որպես հերոսի պապ ու պատմել, թե ինչ երազ էր տեսել: Դուք սրիկայության չափը նայեք: Սրանք որեւէ կապ չունեին հայերի հետ: Էս սրիկայախումբը եկել էր իսկապես ազգ ու հայրենիք ջնջելու, բայց սխալվել էին: Առաջին հարձակումները եղավ հայոց Առաքելական եկեղեցու դեմ, որովհետեւ էս սրիկայախումբը շատ լավ գիտեր, որ եկեղեցին հանելու էր ժողովրդին: Ինչպես երգի մեջ է հնչում՝ երբ  չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար, շառլատանները, լրտեսները պիտի գնան»:

Նա ասաց, որ մի քանի ամիս հետո այլ պետություն ենք ունենալու. «Թող քեզ չխաբեն, թե դու սողալու ես թուրքի առաջ, էդ թուրքն էր, որ քեզանից խաղաղություն էր մուրում՝ հայերի ոտքերի տակ, գնում էին ՌԴ-ի դռները, որ գան մեզ ստիպեն խաղաղություն կնքել էդ ողորմելիների հետ: Սրանք մտածում են՝ էս նույն հայե՞րն են, որոնց առաջ մենք չոքել էինք: Նույն ժողովուրդն է: Երբ առյուծներին ոչխարն է առաջնորդում հաղթանակի մի՛ սպասեք»: Նա ասաց, որ հիմա կարողանում է նայել որդու աչքերի մեջ ու ասել՝ որդիս, քո հերոսականությունը անհետք չի մնալու, մենք առաջնորդ ունենք, որը հաղթանակ է բերելու. «Մենք ունենք հիմա մի առաջնորդ, որը ոչնչով չի կաշառվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հնարավոր չէ առանց հուզմունքի լսել մեր Հայրենիքի պաշտպանության համար հերոսացած Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի կողմից Սարդարապատում ունեցած այս ելույթը: Ակամայից հիշեցի նրա հրաշալի բանաստեղծության հանրահայտ տողերը.

    Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
    տղերքն ավելի բարձրում մնացին
    Դիպան Աստղերին, աստղերը հանգան
    ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
    Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
    բարձունքը մերն է, տղերքը… չկան։

    Իսկ հողատու նիկոլը տղերքի արյամբ պաշտպանված այդ բարձունքն էլ է միանձնյա հանձնել անկուշտ թշնամուն և բարձունքի վերևներում հավերժացած հայորդու արժանավոր հայրն այսօր Հայրենիքի փրկության նոր հույս է ստացել, հույս, որը համապատասխանում է իր իսկ կողմից գրված հետևյալ տողերին.

    Փողկապդ բեր կապեմ, Հայրենիք,
    Հագցնեմ հանդերձդ տոնական,
    Չեմ ուզում դու դառնաս խաղալիք
    Արնածոր ձեռքերի մեջ ագահ,
    Չեն թողել քեզ ներկա ու գալիք,
    Փակել են ընթացք ու ճանապարհ,
    Բայց պիտի քեզ պահեմ անառիկ,
    Փշրելով ողբաձայն կոծ ու մահ–
    Իմ որդու դեմքով ես դու հիմա,
    Քեզ պիտի փայփայեմ ու պահեմ,
    Ինչքան որ դավերին դիմանամ,
    Ինչքան որ քո զավակն ու հայրն եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031