Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող փորձի»․ Բագրատ Սրբազանը՝ հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Սարդարապատի հուշահամալիր, ի՞նչ են անելու

Մայիս 27,2024 19:43

«Չգիտեմ էլ՝ ինքը գալո՞ւ է, թե՝ ոչ։ Մենք գնում ենք Սարդարապատ` ավանդական նշելու մայիսի 28-ը, ինչպես սեպտեմբերի 21-ին, ինչպես Մուսա լեռան օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը` պատասխանելով հարցին՝ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին գնա Սարդարապատ, իրենք գործողությունների դիմելո՞ւ են։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը մուտք գործի Սարդարապատի հուշահամալիր, ի՞նչ են անելու, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Թող փորձի»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրավապահների արձագանքն ինչպիսի՞ն կլինի, Սրբազանն ասաց․ «Դրանք իրավապահներ չեն, ոստիկաններ են»։

Հստակեցմանը՝ եթե հաջողեք և վարչապետ դառնաք, իրավական մասով ինչպե՞ս եք լուծելու խնդիրը, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ դա ոտքի վրա պատասխանելու հարց չէ։

Լրագրողները հիշեցրին, որ շարժման կողքին եղել են մարդիկ, որոնք սկզբում եղել են, բայց հետո չեն երևացել՝ օրինակ՝ Արման Թաթոյանը, Բագրատ Սրբազանն արձագանքեց․ «Արման Թաթոյանն իմ եղբայրն է հարազատ, շարժման սկզբից էլ, վերջից էլ միշտ էլ ներկա է»։ Հարցին՝ վարչապետ դառնալու համար ինչպե՞ս է հաղթահարելու երկքաղաքացիության հետ կապված՝ սահմանադրական արգելքը, Բագրատ Սրբազանը պատասխանեց․ «Հիմա դա ինչո՞վ է առնչվում Սարդարապատ գնալուն»։ Լրագրողի դիտարկմանը՝ ամենակարևոր հարցերից է, Սրբազանն այսպես արձագանքեց․ «Ամենակարևոր հարցն այս մարդու հեռացումն է, որը տեղի է ունենալու․ մնացածն ածանցյալ է։ Հեռացումից հետո լինելու է շատ լավ գործ»։

Այն, որ ոստիկանապետը հայտարարել է, թե Բագրատ Սրբազանը հայհոյում է ոստիկաններին, նա այսպես արձագանքեց․ «Ձայնագրություն կա, թող նայեն, տեսնեն։ Եթե ոստիկանապետ կոչվածը կարող է ցուցարարին լակոտ անվանել, ուրեմն իրեն ինչ ասես հասնում է ասել»։ Լրագրողները հիշեցրին, որ ոստիկանապետը Բագրատ Սրբազանին Տեր Հայր է ասում, Բագրատ Սրբազանն էլ նշեց․ «Ես էլ իրեն ենթասպա եմ ասում»։

Բագրատ Սրբազանը չպատասխանեց հարցին, թե Սարդարապատից հետո ինչ գործողությունների են դիմելու ու նշեց․ «Մենք դեռ որևէ գործողության մասին չասած հատորներով ոստիկաններ են ուղարկում»։ Բագրատ Սրբազանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է՝ որպես վարչապետ վերջին անգամ է այցելում Սարդարապատ։

Անդրադառնալով այսօրվա՝ ոստիկանների գործողություններին՝ նա ասաց․ «Ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորել՝ մանավանդ մի քանի դրվագով․ երեսուն հոգով մարդ են ծեծել, ազդանշան տալու համար տղայի գլուխը ջարդել են։ Լսել եմ, որ հատուկ ջոկատայիններ, հատուկ զորքեր են, նրանց սովորական ոստիկանական համազգեստ են հագցնում, միևնույն ժամանակ էլ շաբաթը 40 հազար դրամ պարգևատրություն են վճարում։ Ինչքան վախի ամպլիտուդը բարձրանում է, այնքան վայրագ են դառնում»։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Ձեր Լեքսուսը շա՞տ է վնասվել, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ 30․000-ի վնաս է եղել ու նշեց․ «Հիմա գիտեք չէ՞՝ գրում են գոլդ համարներով․ ոչ ես եմ առել, ոչ էլ գիտեմ»։ Լրագրողներից մեկն էլ կես կատակ-կես լուրջ ասաց՝ լավ է մեքենայի համարները 6-երով չեն եղել, Բագրատ Սրբազանն այս առիթով արձագանքեց․ «Կարող է այդ ժամանակ շատ հարազատ լիներ իրենց»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031