«Ոստիկանությունը պետք է հասկանա, որ իրենք կատարում են ոչ թե ցեղասպանությանը հանցակից Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլ ուղիղ Իլհամ Ալիեւի հրահանգները, եւ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը Ալիեւի հրահանգներն է փոխանցում, ոստիկաներն էլ սիրով կատարում են»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը։
Այսօր շարժման մասնակիցներին ազդանշան տալու համար մի երիտասարդի են դաժան ծեծի ենթարկել, բացի այս, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։
«Այն, ինչ այսօր եւ նախորդող օրերին իրականացրել է ոստիկանությունը, հստակ կարող ենք ասել, որ սա այլեւս ոստիկանություն չէ, սա կազմակերպված հանցավոր մի խումբ է, որը ղեկավարվում է հանցագործ մարդկանց կողմից եւ այն, ինչ իրականացվել է՝ օրինականության, Սահմանադրության հետ կապ չունի»,-հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ասաց, որ ոստիկանության լկտի պահվածքը հասել է այն աստիճանի, որ այսօր առավոտյան ոստիկանության, իր խոսքով՝ հանցագործ մի խումբ փորձ էր անում մուտք գործել ՀՅԴ գրասենյակ եւ բերման ենթարկել մարդկանց․ «Բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին Աշոտ Սիմոնյանին եւ մի շարք այլ քաղաքացիների։ Սա հանցագործություն է եւ անպատիժ չի մնալու»։
Կարդացեք նաև
Սաղաթելյանն ասաց, որ այս գործողությունների վերաբերյալ դիմել են դատախազություն, ինչպես նաեւ միջազգային կառույցներին․ «Պետք է նշել, որ այն երկակի ստանդարտները, որ կիրառում են միջազգային կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում են Հայաստանի ժողովրդավարության մասին, այս պահին կույր են, այս ամենը չտեսնելու են տալիս։ Սրանք են ժողովրդավարության մասին իրենց պատկերացումները»։
Հարցին՝ իշխանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կապում է ՀՅԴ-ի հետ, նշում են, որ Դաշնակցության ամբողջ ռեսուրսն է ներդրված, Սաղաթելյանը պատասխանեց՝ Դաշնակցությունն իր ամբողջ ուժերով ներգրավված է շարժման մեջ եւ ամեն ինչ անելու է, որ այս շարժումը հաջողի․ «Շարժման ամբողջական աջակիցն ենք, սրբազանի կողքին կանգնած ենք, եւ բռնությունը մեզ հետ չի պահելու, հակառակը, բռնությունը ստիպում է մեզ ավելի կտրուկ, վճռական, ավելի հետեւողական լինել մեր պահանջների մեջ»։
Ոստիկանական բռնության գործողությունների մասին էլ Սաղաթելյանն ասաց․ «Ակնհայտ է, որ իշխանությունը ցայտնոտի մեջ է։ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարին՝ Հայկ Բաբայանին վերջերս գեներալ-մայորի կոչում տվեցին, պետք է հասկանալ, որ նա Ալիեւից է կոչումը ստացել, որովհետեւ ժողովրդին ճնշելն ու երկիրը հանձնելը Բաքվի ցանկությունն է, որը ոստիկանության միջոցով փորձում են իրականացնել։ Նիկոլ Փաշինյանը, բացի այս ենիչերիների խմբից, այլ հենարան չունի Հայաստանում, իրենք օգնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանձնի մեր երկիրը»։
Սաղաթելյանն ասաց, որ Փաշինյանի հրաժարականին կամ իշխանափոխության հետ կապված հարցերը հնարավոր է լուծել բացառապես ժողովրդի կամքի թելադրանքով, որի դրսեւորման միակ ճանապարհը փողոցներում եւ հրապարակներում է։
«Այն ուժերը, որոնք սատարում են սրբազանին (շարժման վարչապետի թեկնածուն է, Ն․Բ․), պատասխանատվություն են կրում եւ կրելու են, խնդիրները լուծվելու են այդ քաղաքական ուժերի միջոցով, բայց մենք հստակ ասել ենք՝ սա մեկ կուսակցության կամ մեկ ուժի պայքար չէ, անցումային հաշտության կառավարությունը պետք է լինի համախմբման կառավարություն, ոչ թե մեկ ուժի»։
Հարցին՝ շարժմանը քննադատում են, որ Լոռիում աղետ է, իսկ դուք ցույցեր եք անում, Սաղաթելյանը պատասխանեց․ «Շարժումն այդ աղետները կանխելու համար է, այս մարդն այնքան աղետներ է բերել ու բերում, այդ աղետները կանխելու համար պետք է շարժումը հաջողի»։
Մեկ այլ հարցի էլ՝ Կիրանցում արդեն հենասյուներ են տեղադրված, սահմանապահները ծառայություն են իրականացնում, շարժումն ի՞նչ պիտի անի, կա՞ հնարավորություն, որ ադրբեջանցիների մուտքը կանխեն, Սաղաթելյանը պատասխանեց․«Բոլոր հնարավորությունները կան եթե այս հանձնողների կառավարությունից ազատվենք ու ընթացքը կանգնեցնենք։ Եթե չկարողանանք, շարունակվելու է հանձնման գործընթացը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ