Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք Եվրախորհրդարանի պատգամավորի երկդիմի վարքը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Մայիս 27,2024 17:46

Հանրությունը շարունակում է ականատես լինել անսկզբունքային և ընտրանքային քաղաքականության միջազգային դրսևորումներին, որոնք վտանգում են մարդու անօտարելի իրավունքների գերակայության սկզբունքի կիրառականությունը։ Այսպիսի երկդիմի վարք է դրսևորել Եվրախորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը, որը հեշտությամբ կուլ է գնացել ադրբեջանական սադրանքներին՝ անելով անհարկի և իրականության հետ աղերսներ չունեցող հայտարարություններ։

Հարկ է հիշեցնել, որ Խավիեր Նարտը եղել է 2023 թ․ հունվարին Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծի առաջարկի համահեղինակներից մեկը։ Բանաձևն ընդունվել է 2023 թ․ հունվարի 20-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար բնակությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմամբ գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Բանաձևը հորդորել է Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը, կոչ է արել Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր բորբոքված հռետորաբանությունից, կոչ է արել միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, կոչ է արել ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության տակ։

Ուզում ենք տեղեկացնել Եվրախորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտին, որ իր ընդունած բանաձևի և ոչ մի դրույթ չի իրականացել, որ Ադրբեջանն այդպես էլ չի վերականգնել Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը՝ սովամահության հասցնելով 120 հազար հայությանը, որի դրությունը և կարիքները այդպես էլ չարձանագրվեցին որևէ փաստահավաք առաքելության կողմից։ Հարկ է հիշեցնել նաև, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը այլևս ոչ թե պատանդ է, այլ փախստական։ Հավելենք նաև, որ Ադրբեջանը փաստացի ժխտում է Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի իրացումը՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցմամբ, հայկական ազգային-մշակութային կրոնական կառույցների ոչնչացմամբ և պղծմամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի պատգամավորի երկդիմի վարքը՝ սթափության կոչ անելով վերջինիս և հորդորելով դիմել հստակ միջոցների «քաղաքական հիշողության» երկարատևության և քաղաքական սկզբունքների կայունության ապահովության ուղղությամբ։

«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031