Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Զյուլֆյուգարովը չի մտաբերում Նարիմանովի դեկլարացիան ամբողջությամբ, որով Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը ճանաչում էր Հայաստանի անբաժանելի մաս. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Մայիս 27,2024 17:24

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զյուլֆյուգարովը լրատվականներից մեկին տված հարցազրույցում ի ցույց է դրել պատմական իրողությունների իր անտեղյակության ողջ հմայքը՝ դրանով իսկ դրսևորելով քաղաքական երեսպաշտության և ագրեսիվ ծավալապաշտության սեփական ձգտումները, որոնք այդ պետության քաղաքականության պարզ վերարտադրությունն են։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից՝ Թ․ Զյուլֆյուգարովը նշում է․ «Եթե ​​վերցնենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքը, ապա տրամաբանորեն հետևում է, որ հիմք պետք է ընդունել խորհրդային ժամանակաշրջանի առաջին օրվա սահմանները։ Ադրբեջանում խորհրդային շրջանը սկսվել է 1920 թվականի ապրիլին»։ Թվում է, թե նախկին արտգործնախարարը մոռացության է մատնում, թե 1920 թ․ ապրիլի դրությամբ ինչպիսի սահմաններ ուներ Հայաստանը։ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր շուրջ 70 հազար քառակուսի կիլոմետր։ Հաջորդիվ Թ․ Զյուլֆյուգարովը զարգացնում է հետևյալ ծիծաղաշարժ միտքը, թե «Զանգեզուրը Հայաստանին տրվել է 1920 թվականի նոյեմբերի 30-ին», ապա զարգացնում երևակայությունը՝ Գեղարքունիքի՝ Հայաստանին «տրվելը» թվագրելով 1922 թվականով, իսկ Մեղրիինը՝ 1929 թվականով։ Խոսելով 1920 թ․ նոյեմբերի 30-ի մասին՝ ինչո՞ւ Թ․ Զյուլֆյուգարովը չի մտաբերում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի նախագահ Ն․ Նարիմանովի դեկլարացիան ամբողջությամբ, որով Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը, որոնք ոչ թե պատկանում էին Ադրբեջանին, այլ վիճելի տարածքներ էին համարվում, ճանաչում էր Հայաստանի անբաժանելի մաս։ Եթե Թ․ Զյուլֆյուգարովը առաջարկում է որպես սահմանազատման հիմք ընդունել 1920 թ․ նոյեմբերի 30-ի դրությամբ առկա սահմանները, ապա արդյո՞ք պատրաստ են Ադրբեջանում հրաժարվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղից, այլև Նախիջևանից։ Այնուհետև նախկին արտգործնախարարը առաջ է քաշում մեկ այլ ծիծաղաշարժ դրվագ, թե «Զանգեզուրը Հայաստանին տրվել է խորհրդային իշխանության կողմից, առանց հանրաքվեի, հակասահմանադրական եղանակով»։ Այստեղ հարկ է հիշեցնել, թե ինչպես Կովկասյան պլենումի 1921 թ․ հուլիսի 4-ի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, հաջորդ օրը առանց քվեարկության, առավել ևս առանց հանրաքվեի և բացարձակապես հակասահմանադրական եղանակով տրամագծորեն փոխվեց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս մարզային ինքնավարության առերևույթ զիջմամբ։ Կամ արդյո՞ք օրինական էր Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Նախիջևանի հանձնումը Ադրբեջանին, որը նման է «մանրադրամային» առուծախի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության առևտրում՝ առանց Հայաստանի օրինական ներկայացվածության։

Թ․ Զյուլֆյուգարովը ոչ միայն չի տիրապետում տարածաշրջանային իրողություններին, այլև համաշխարհային պատմության դրվագներին։ Վերջինս խոսում է 1920 թվականի հունվարի 11-ին Փարիզի խաղաղության կոնֆերանսում Ադրբեջանի և Հայաստանի անկախության ճանաչման և քարտեզների ներկայացման մասին, սակայն մոռանում է շեշտել, որ այդ ճանաչումը դե-ֆակտո բնույթ էր կրում և չէր ենթադրում որևէ սահմանների ճանաչում։ Միակ քարտեզը, որը ստեղծվել է Փարիզի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում ձեռք բերված պայմանագրային համաձայնության հիման վրա (Սևրի պայմանագիր), ԱՄՆ նախագահ Վ․ Վիլսոնի իրավարար վճռով գծված Հայաստանի քարտեզն է, որն ընդգրկում է նաև Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը չի տիրապետում նաև սեփական երկրի սահմանադրությանն ու օրենքներին, որոնցով ժխտվում է խորհրդային ժառանգությունը, հետևապես ենթադրելի է, որ պետք է ժխտվեն նաև խորհրդային ժամանակներում գծված սահմանները, իսկ խորհրդային առաջին տարիներին Հայաստանից ապօրինաբար օտարվել են Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը, բացի դրանցից 1921-1922 թ․ Հայաստանի տարածքը կազմել է 32-33 հազար քառակուսի կիլոմետր, տրամաբանական է, որ ներկայիս 29․742 կմ քառակուսին ձևավորվել է սահմանային «շտկումներով» հավելյալ տարածքների շորթման արդյունքում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարի հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական իրողությունները։ Նման գործելակերպը մաս է կազմում Ադրբեջանի յուրացման փնթի գործելաոճի, որով առաջնորդվում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ նույնը արտածելով նաև հասարակության բոլոր օղակների վրա։ Սակայն ադրբեջանական և ոչ մի վարչակարգ չի կարող չխեղաթյուրել անցյալը այն պարզ պատճառով, որ այնտեղ սրի պես կախված են Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները, պատմական Գարդմանի և Շիրվանի հայության նկատմամբ ցեղասպանական ակտերը, հայկական մշակութային արեալի ոչնչացումը և ուղեկցող բազմաթիվ խնդիրներ, որոնք արդարադատության իրացման դեպքում Ադրբեջանին կկանգնեցնեն համաշխարհային պարսավանքի և դատապարտման խնդրի առջև։

«Գարդման Շիրվան Նախիջևան» ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031