Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե), որ ստիպված էր եղել լքել Հայաստանը՝ իր բնութագրմամբ քաղաքական հետապնդումների եւ կյանքին սպառնացող վտանգի պատճառով, եւ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից, երեկ Հանրապետության հրապարակում էր։
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն երեւանցիների տված մանդատից զրկել են ապօրինաբար։
«Մայր Հայաստան» դաշինքը հայց է ներկայացրել մանդատն ինձ վերադարձնելու համար։ Ես առայժմ հրաժարվել եմ, որովհետեւ մանդատը հետ մուրալու կարիք չեմ տեսնում։ Այս խնդրով զբաղվելու ժամանակը դեռ գալու է։
Երկու օր առաջ եմ Ռուսաստանից վերադարձել։ Դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Անցած չորս ամսում այստեղ քաղաքական դաշտում շատ բան է փոխվել։ Ուզում եմ հասկանալ։ Բայց որ չեմ նահանջելու ու շարունակելու եմ պայքարել, միանշանակ է»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց Ռուսաստան մեկնել, այլ ոչ թե ԱՄՆ կամ եվրոպական որեւէ երկիր, Նարե Սոսեն պատասխանեց. «Քանի որ ես պայքարի եմ ելել Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ, արեւմուտքում ինձ ապահով չէի զգա։ Եվրոպա չգնացի, քանի որ հասկացա, որ ինձ պարզապես, կարտահանձնեին Նիկոլին։
Ինչ վերաբերում է Ռուսաստան գնալուն, ընտանիքս ժամանակին արտագնա աշխատանքի է գնացել Ռուսաստան։ Ես էլ՝ ընտանիքիս հետ։ Վերջնական վերադարձել եմ 2009-ին։ Ես Երբեք Ռուսաստանի քաղաքացի չեմ եղել, չեմ՝ թող չհնարեն, եւ չեմ էլ լինելու։ Մնալու եմ Հայաստանում ու պայքարելու եմ։
Ինձ համար կարեւոր է, որ երկիրը ղեկավարի հայրենասեր եւ հայրենատեր մարդ, որը երկիրը կհանի այս վիճակից»,-ասաց Նարինե Հայրապետյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ