Մայիսի 25-ին Բագրատ սրբազանի հյուրանոցային սենյակում Չինարի գյուղի բնակիչ Հեղինե Աղասյանի կողմից գաղտնալսման սարքի տեղադրման փորձի մասին տեղեկության հրապարակումից հետո, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցում խառնաշփոթ է առաջացել:
Դպրոցի աշխատակիցների մոտ հաստատվել են ավելի վաղ ունեցած մտավախությունները, թե Աղասյանի ընտանիքի անդամների կողմից դպրոցում գաղտնալսման սարք է տեղադրված եղել:
Հիշեցնենք, որ Հեղինե Աղասյանի մայրը այդ դպրոցում պատմության, իսկ քույրը աշխարհագրության ուսուցիչներ են:
Կարդացեք նաև
«Ես վախենում եմ, որ կոնկրետ մեր ուսուցչանոցում էլ մեզ գաղտնալսած լինեն իրենք: Որոշակի խոսակցություններ են եղել ուսուցչանոցում, հաջորդ օրը եկան պարզաբանման: Դեռ այն ժամանակ մենք եզրակացրել էինք, որ գաղտնալսում են մեզ: Հիմա վերջնականապես ուզում եմ հավատալ, որ ուրեմն մեզ էլ են լսել»,-Aravot.am-ին ասացին դպրոցից:
Մեր զրուցակցի խոսքով, որը խնդրեց չհրապարակել անունը՝ Հեղինե Աղասյանի քույրը՝ Չինարիի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին, սեւ ցուցակ է գցել դպրոցի տնօրենին, որ վերջինիս զանգերին չպատասխանի. «Ավելին չեմ կարող ասել, սրանից հետեւություններ արեք: Իրենք հանդուգն, չենթարկվող մարդիկ են, չգիտեինք՝ իրենց կապերը մինչեւ ուր են հասնում»:
Ի դեպ, աշխարհագրության ուսուցչուհին՝ տիկին Աղասյանը, մեզ հետ զրույցում իր քրոջը վերագրվող արարքի մասին հարցը լսելուց հետո ասաց, որ իրեն այդ հարցով չզանգենք ու անջատեց հեռախոսազանգը:
Հիշեցնենք, որ տելեգրամյան տարբեր ալիքներով ու տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ շրջանառվեցին, որ «ժուչոկ» դնող Հեղինե Աղասյանը ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար: Ըստ լրատվամիջոցների՝ Հեղինեն Երեւանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ