«Ովքեր հայրենիք ու պատիվ են ուզում ունենալ, միայն նրանք իրավունք ունեն մուտք գործել Սարդարապատ»,-այս մասին այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ պայքարը մտել է 3-րդ փուլ, պայքարը տարբեր ձեւերով շարունակական է դառնալու, որոշակի փուլից կարեւոր ձևակերպումներ կլինեն։
Սրբազանը հայտարարեց, որ այսօր ժամը 17:00-ից հավաքվելու են Շահումյանի հրապարակում, որպեսզի ժամը 18:00-ից մեքենաներով շարժվեն դեպի Սարդարապատ, գիշերեն այնտեղ, մայիսի 28-ին նշելու են Հանրապետության տոնը։
«Այն մարդիկ, ովքեր ուզում են գողանալ մեր ինքնությունը․․․ այսօր ինչ տեղի է ունենում մեր երկրում, ոչ միայն սահմանային խնդիր է կամ ֆիզիկական գոյության հարց է, այլեւ եւ հատկապես բովանդակության փոփոխության մասին է, մեր, որպես ազգ, պետության, հայրենիք, ժողովուրդ, այդ բովանդակության փոփոխությունն է տեղի ունենում։ Պատահական չէ իրական Հայաստան կոչելը կամ Արագածի պատկերն այդքան տարածելը։ Երբեւէ մեր կյանքում Արագածը չի հակադրվել Արարատին, այլ հակառակը, մեկը հիմք է եղել մյուսին հասնելու համար։ Ինչ որ տեղի է ունենում խորքային փոփոխության մասին է։ Սարդարապատն էլ դրանցից մեկն է, մայիսի 28-ն էլ այդ խորհրդանիշերից մեկն է, եւ միայն նրանք իրավունք ունեն գնալու այնտեղ, ովքեր մեր արժեքների միջեւ այդ հակադրությունը չունեն։ Մնացածը, ովքեր գնում են, ձեւականություն է, մի օր կգա, չեն գնա»,-ասաց սրբազանը։
Կարդացեք նաև
Նա ակնարկելով Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ Եռաբլուր, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, գնում ես ո՞ւմ ընծայում, ինչո՞ւ․ «Պարզապես օր է օրացույցում նշված եւ կվախենաս, որ ժողովրդի քննադատությանը արժանանաս, եթե չգնաս։ Բայց դու այդ արժեքներին չես հավատում, ուրեմն ամբողջը ձեւականություն է։ Հետեւաբար, մենք իրավունք ունենք, նրանք ովքեր հայրենիք ու պատիվ են ուզում ունենալ, միայն նրանք իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»։
Բագրատ սրբազանն ասաց՝ այսօր ինչ կատարվեց՝ անհնազանդության ցույցերի ժամանակ, ցույց է տալիս, որ թե ինչ հոգեվիճակում է իշխանությունը․ «Ես չէի ուզենա, որ նրանք այդ հոգեվիճակում լինեն, որովհետեւ դրանով վնաս են տալու երկրին է՛լ ավելի խորությամբ, բանականությունն ու սթափությունը կորցնելու են։ Այդ մարդուն վերստին հիշեցնելու եմ՝ եթե տղամարդկություն ունես կամ չունես, փորձիր հանդիպել։ Չէ՞, ինչ որ առիթով երես առ երես հանդիպելու հնարավորություն կլինի»։
Սրբազանի խոսքով՝ ասում են՝ շարժումը ձեռնոց է նետել Փաշինյան-Ալիեւ տանդեմին ոչ միայն ներսում, այլեւ՝ դրսում․ «Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ եք բաժանում՝ ասելով «Փաշինյան-Ալիեւ տանդեմ»։ Մեկն է՝ Փաշիեւն է, դա մի կոնցեպտ է։ Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետեւ այն, ինչ այստեղ իշխանական քարոզչամեքենան խոսում է, նույնությամբ հնչում է մեր թշնամիների իշխանական քարոզչամեքենաների միջոցով»։
Այսօր վաղ առավոտից անհնազանդության գործողություններ են իրականացվել, ոստիկանությունը անհնազանդության գործողություններ իրականացնող բազմաթիվ քաղաքացիների բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկել։
Երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է, նա երեկ դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր հոգեւոր ծառայությունը սառեցնելու խնդրանքով։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ