«Առավոտյան կանգնած էինք մայթի վրա, մի հոգի կար կեպիով՝ հրահանգ տվեց՝ 30 վայրկյան, այդ պահին ես ասացի՝ հիմա դուրս ենք գալիս մայթերի վրա, հարձակվեցին»,-սուրբ Աննա եկեղեցու բակում, առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ, ոստիկանների պահվածքի մասին պատմեց Բագրատ սրբազանը՝ զգուշացնելով․ «Մի վախեցեք՝ տղերք, մեղք եք, մեղք․ ժողովուրդ, խաղաղվեք՝ ձեր վախկոտ եւ ստախոս ղեկավարի գլխավորությամբ»։
Կարդացեք նաև
Սրբազանը հայտարարեց, որ ցույցերի ժամանակ անօրինական պահվածք դրսեւորող ոստիկանները պատժվելու են՝ տեսանյութերը կան։
«Մի ենթասպա կա մեջները՝ Արամ Հովհաննիսյան, ավագ ենթասպա էլ չի․ մեծ փորով, ջանով, կոլոտ․․․ աշխարհում նման տիպով ոստիկան գոյություն չունի։ Քո ֆիզիկական ներկայությունը խոսում է, թե ինչքա՞ն խաշլամա ես կերել, գառ ու խոզ ես կերել: Հիմա էլ եկել՝ ինձ ասում ես՝ տեր հա՞յր, ցուցարարներին ասում ես՝ լակո՞տ։ Եթե ասելիք ունես՝ փողոցներում եմ հիմա, կողքովդ անցել եմ, մի բառ շշնջայիր։ Դու էլ չես կարող, տերերդ էլ չեն կարող, ոչ ոք չի կարող։ Դուք ծառա եք, ոչ թե ծառայող․ ոչ պետությանն եք ծառայում, ոչ հասարակությանը, նույնիսկ ձեր տներին ու ընտանիքներին չեք ծառայում, վատություն եք անում էդ մարդկանց»,- իր խոսքում ասաց Բագրատ սրբազանը։
Անհնազանդության առավոտյան ցույցերն ամփոփելով էլ՝ ասաց. «Աբովյան փողոցում մարդը եկավ՝ մեքենան անջատեց ու կանգնեց»։ Նա վստահեցնում է, որ այսպես էլ շարունակվելու է, իսկ իշխանություններին էլ զգուշացնում՝ որոշումը կայացված է՝ պետք է հեռանան։
Իշխանական դաշտից հնչող հայտարարություններին, թե Լոռիում ողբերգության հետեւանքով մահացած մարդիկ կան, իսկ շարժման մասնակիցները երաժշտություն են միացրել, Բագրատ սրբազանը հակադարձեց․ «Ամաչում ենք, որ դուք եք ղեկավարում այս երկիրը, ամաչում ենք, որ 44-օրյա հայրենական պատերազմի զոհերի մարմինները տոպրակների մեջ, հիվանդանոցների չգիտեմ որ անկյունում թափված էին․ դուք եք արել դա։ Ազատ գյուղում մեր տղաները ածխացան՝ իրենց պատասխանատվության ներքո»։
Բագրատ սրբազանը նաեւ հավելեց՝ Ազատի զորամասում այրվածների հուղարկավորությունից երկու օր առաջ, Իջեւանում պարեկային ծառայության բացումն են արել իշխանության ներկայացուցիչները եւ նույն գիշերը Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետի եղբոր ռեստորանում խնջույք են արել, մինչդեռ այդ ընտանիքները ողբերգության մեջ էին։
Իսկ իրեն՝ քաղաքականությամբ զբաղվելու մեղադրանք հղողներին էլ տեղեկացրեց․ «Նիհար-գեր (նկատի ունի Սուրեն Պապիկյանին-Ն․ Գ․) դարձած նախարար կա՝ կոչվում է պաշտպանության նախարար, ինքն է եկել ինձ խնդրել, որպեսզի «Իմ քայլը» դաշինքով ես ընտրությունների մասնակցեմ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ