Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածի Թբիլիսյան խճուղու վերջնամասը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ֆերմեր Գևորգ Ավագյանը, իրենք անհնազանդության ցույցով իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։
«Մեր պայքարն անզիջում է, Նիկոլ Փաշինյանն ուզի, թե չուզի՝ պիտի հեռանա, թրքահպատակ իշխանություն չպիտի լինի Հայաստանում»,- ասաց Գևորգ Ավագյանը։
Նա նաև նշեց, որ պարեկային ծառայությունը առավոտյան ժամը 6-ից հսկողություն է իրականացրել տվյալ հատվածում, ու առհասարակ՝ պարեկները տևական ժամանակ է՝ չեն հեռանում իրենց տան մոտից, որը գտնվում է հենց Թբիլիսյան խճուղու վերջնամասում։
Կարդացեք նաև
«Ստացվում է, որ մեր ընտանիքն ունի սեփական պարեկային ծառայություն, մեզ հետապնդելու փոխարեն այդ նույն պարեկները ճիշտ կանեն բռնեն թրքահպատակ իշխանության ձեռքը, որ երկիրը չհանձնի։ Չգիտես ինչից են վախենում, որ արդեն մի ամիս է՝ մեր տան դռների մոտ հերթապահության են իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ ճանապարհը քիչ առաջ բացել են, միջադեպեր չեն գրանցվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ