Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սոցիալական ցանցի օգտատերը չի դիտարկվում որպես լրատվական գործունեություն իրականացնող

Մայիս 27,2024 13:00

ՍԴ դիմած նախկին նախարարը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու եւ պաշտպանելու պարտականությունը:

Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դիմումը Սահմանադրական դատարանում է 2024 թվականի ապրիլի 11-ին: ՍԴԴԿՈ-18 աշխատակարգային որոշմամբ այն ընդունել է վարույթ, պատասխանողը Ազգային ժողովն է: Դիմումի քննությունը նշանակվել է 2024թ. հունիսի 11-ին:

Լրատվամիջոցներին առնչվող այս գործի քննությունը զարմանալի է, որ հերթական անգամ նշանակվել է գրավոր ընթացակարգով: Գործով զեկուցողն է ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը:

Նա Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 եւ 31, 61 եւ 63, 28 եւ 29, 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթն՝ այնքանով, որքանով զրպարտության դեպքում, եթե զրպարտությունը տեղ է գտել սոցիալական ցանցի օգտահաշվում, անձին հնարավորություն չի տալիս սոցիալական ցանցի օգտատիրոջը պահանջ ներկայացնել՝ օգտահաշվից հեռացնել զրպարտող տեղեկությունը եւ (կամ) հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 23 եւ 31, 61 եւ 63, 28 եւ 29, 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի դրույթն՝ այնքանով, որքանով սոցիալական ցանցի օգտատիրոջը չի դիտարկում որպես լրատվական գործունեություն իրականացնող, իսկ սոցիալական ցանցի օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվություն իրականացնելու միջոց»:

Նա ներկայացրել է թիվ ԵԴ/9074/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը: Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները թույլ չեն տվել, որ ՀՀ դատարանները պարտավորեցնեն սոցիալական ցանցի օգտատիրոջը հեռացնել որպես զրպարտություն գնահատված, որակված, իրավունքի խախտման զոհին արատավորող տեղեկությունը, հրապարակումը եւ այդ նույն օգտահաշվում հերքում հրապարակելու պարտավորություն սահմանեն զրպարտողի՝ իրավախախտի համար:

Ըստ Զեյնալյանի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում որպես լրատվության միջոց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031