Հարցազրույց թարգմանիչ Աննա Բաղրամյանի հետ
Աննա Բաղրամյանը գրական գործակալ է, հեղինակային իրավունքների ձեռքբերման մասնագետ, նաեւ թարգմանիչ։ Վերջերս «Էջ» հրատարակչությամբ լույս է տեսել հանրահայտ իռլանդացի գրող Թանա Ֆրենչի «Որոնողը» դետեկտիվային վեպը Աննայի թարգմանությամբ։
– Հարգելի Աննա, սա ձեր առաջին փորձառությունն է այսպիսի ծավալուն վեպ թարգմանելու գործում։ Մինչ այս թարգմանել եք հայ հեղինակների պատմվածքներ։ Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք աշխատանքի ընթացքում, արդյո՞ք վեպի թարգմանությունը տարբերվում է պատմվածքներ թարգմանելուց։
– Բացի պատմվածքներից, նաեւ թարգմանել եմ Ք.Ս. Լյուիսի «Առյուծը, կախարդը եւ զգեստապահարանը» պատանեկան ֆենթզի վեպը, որը հրատարակել է «Արեւիկ» հրատարակչությունը։ Սա եւս հիանալի փորձառություն էր ինձ համար այն առումով, որ իմ առաջին թարգմանական ընդարձակ գործն էր։ Վեպի թարգմանությունն անշուշտ ավելի դժվար է, քանի որ վեպերը հաճախ բարդ կառուցվածք են ունենում, բազմազան կերպարներ, տարբեր սյուժետային գծեր, որոնք պահանջում են մանրամասն ուսումնասիրություն՝ ընթերցողին վեպը ճիշտ կերպով ներկայացնելու համար։ Վեպերը հաճախ պարունակում են մշակութային հղումներ, նրբություններ, որոնք պահանջում են համապատասխան գիտելիքներ եւ բծախնդրություն՝ կրկին թարգմանությունը ճիշտ եւ ընկալելի փոխանցելու համար։
– Վեպում կան որոշ հատվածներ, որտեղ գործածել եք Հայաստանի մարզերի բարբառներ։ Կբացատրե՞ք այս ֆենոմենը։
– Վեպը թարգմանելիս պարբերաբար հանդիպում էին ոչ միայն իռլանդերեն խոսվածքի, այլեւ գյուղական բարբառային բառեր։ Ու բազմաթիվ ուսումնասիրություններ ու հետազոտություններ եմ արել, որպեսզի նախ ինձ համար պարզ դառնա գրվածի իմաստը, այնուհետեւ էլ, որպեսզի ճիշտ փոխանցեմ իմաստը հայերեն։ Ու քանի որ հեղինակը այդ գյուղի բարբառն էր օգտագործել, ես էլ որոշեցի օգտագործել մեր շրջաններից մեկի բարբառը։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է ստացվել։
– Ձեր թարգմանության մեջ չափից շատ է հանդիպում քերականորեն ընդունված «է» օժանդակ բայի փոխարեն «ա»-երով խոսքը, այլ շեղումներ քերականական կանոններից։ Գրական ստեղծագործության մեջ պատշա՞ճ եք համարում այդ «ա»-երով ու փողոցային խոսքի օգտագործումը։
– Վեպի գործողությունները զարգանում են արեւմտյան Իռլանդիայի հեռավոր ու խուլ գյուղերից մեկում։ Գլխավոր հերոսներից մեկը տասներեքամյա պատանի է՝ ընտանիքի ութ քույր- եղբայրներից մեկը, ով լիովին թողնված է բախտի քմահաճույքին, գրեթե չի հաճախում դպրոց, գրել-կարդալու հետ էլ այնպես է, ինչպես ես միջուկային ֆիզիկայի հետ։ Մյուս կերպարը պանդոկներում ու գինետներում գիշերները լուսացնող, գռեհիկ բառապաշար օգտագործող մի տղամարդ է։ Երրորդը, ով վեպում «ա»-երով ու առհասարակ փողոցային խոսք է օգտագործում, գյուղի «լավ տղերքից» է, թմրամոլ։ Հիմա ձեր հարցին հարցով պատասխանեմ. պատկերացնո՞ւմ եք այդ հերոսներին «այսպես», «գրեթե», «եղբայր», «ի հեճուկս», «գնում է, գալիս է» բառերն օգտագործելիս։ Սա ոչ միայն արհեստական կդիտվեր, այլ նաեւ ոչ պրոֆեսիոնալ։ Բնականաբար, վեպում կան նաեւ այնպիսի կերպարներ, որ բոլոր ընդունված քերականական կանոններին համապատասխան խոսք են օգտագործում։
– Եվ վերջին հարցը. ի՞նչ եք կարծում, թարգմանիչը կարո՞ղ է համարվել թարգմանության համահեղինակ, եւ արդյո՞ք իրավունք ունի ինչ-որ փոփոխություններ կատարելու տեքստի մեջ։
– Թարգմանիչը պետք է ստեղծագործաբար մոտենա աշխատանքին, որպեսզի վեպի ընթերցանությունը թիրախային լեզվում լինի նույնքան հետաքրքիր ու գրավիչ, որքան բնագրում է։ Հետեւաբար, բնական է, որ ինչ-որ չափով թարգմանիչը դառնում է համահեղինակ։ Ինչ վերաբերում է փոփոխություններին, եթե դրանցից իմաստը չի փոխվի, ավելին՝ տեքստը պարզ ու հասանելի կդառնա ընթերցողի համար, ինչո՞ւ ոչ, խնդիր չեմ տեսնում։ Բայց, լինում են դեպքեր, որ ամբողջական հատվածներ չեն թարգմանվում, սա իհարկե՝ անընդունելի է։
Զրույցը՝
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.05.2024