Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամի քույրերը. Կարինեն

Մայիս 27,2024 12:00

(հատված որդուս հիշատակին նվիրված «Հզորը» վիպակից)    

Այո՛, Վահրամը պապիկին, տատիկին ու երկու քույրերին չտեսավ։ Նրանք զոհվել էին երկրաշարժի ժամանակ (երկրորդ քույրը՝ Սիրարփին, երկրաշարժից առաջ, չորս ամսական հասակում էր մահացել)։ Բայց, այդուհանդերձ, Երեւանից Սպիտակ գալիս, թոռան ու եղբոր հոգատարությամբ, անպայման ծաղիկներով այցելում ու խնամում էր նրանց գերեզմանները…

Վահրամն այդպես էլ քույրիկ չունեցավ։ Սակայն նրա հորեղբոր հինգ աղջիկները՝ Մարգոն, Կարինեն, Արմինեն, Տիգրանուհին ու Անահիտը, որոնց միակ եղբայրը զոհվել էր երկրաշարժի ժամանակ, հարազատ քրոջ նման շրջապատեցին  նրան ողջ կյանքի ընթացքում՝ իրենց զավակների հետ միասին։ Իսկ անբուժելի հիվանդության օրերին էլ, թե՛ հիվանդանոցում, թե՛ տանը, զօր ու գիշեր, Սարգսի հետ միասին, հարազատ քրոջ նման, անտրտունջ խնամեցին նրան։

Ավարտական դասարաններում դպրոց գնալիս, Վահրամը միշտ պիտի մտներ Կարինեի տուն՝ բարի լույս ասեր, իսկ դասերն ավարտելուց հետո, նորից պիտի Կառային հանդիպեր (Կարինեին հաճախ այդպես էր կանչում), սուրճ պիտի եփեր ու միասին ըմպելուց հետո, տուն վերադառնար։

Վահրամի հասուն տարիքում, Կարինեն, որպես մանկական բուժքույր, նորածիններին համայցի գնալիս, «բռնացնում էր» նրան, որպեսզի ավտոմեքենայով իրեն այսինչ թաղամաս տանի։ Մի անգամ էլ Վահրամը ներս մտնելով ու Կարինեի խնդրանքից առաջ անցնելով, անմիջապես հայտնում է.

-Ես մեքենայով չեմ, մեքենաս երկու կմ հեռու եմ կանգնեցրել,- ու միմյանց հասկանալով, քահ-քահ ծիծաղում են…

Վահրամի բոլոր հինգ քույրերը հուզական էմոցիաներով էին համակված։ Նրանց մեջ՝ առավելապես Կարինեն։ Նրա արտասուքները պատրաստ էին հորդելու ամենահասարակ  ու ամեն քայլափոխի պատահող չնչին հուզմունքի պահերին։

Կարինեի աչքերի արտասուքները չէին ցամաքում որդու բանակ զորակոչելու մասին ծանուցագիր ստանալու պահից մինչեւ ծառայության մեկնելու օրը։ Այդ տարիներին հայկական  բանակում ծառայող զինվորներից տեղեկանում էինք, որ ժամկետային զինվորական ծառայողները ոչ միայն թերսնվում են, այլ շատ ժամանակ սոված են մնում եւ նրանց նկատմամբ բռնություններ են կատարվում համածառայակիցների եւ սպայական կազմի կողմից։ Ավելին։ Տեղեկանում էինք, որ հերթական արձակուրդ տրամադրելիս կամ  ծառայությունն ավարտելուց հետո՝ զորացրվելիս, սպայակազմը կաշառք էր պահանջում այսպիսի գործընթացները թույլատրելու համար։ Եղել են դեպքեր, երբ զինվորներին ինչ-որ կեղծ պատրվակներով ստիպել, տուն են ուղարկել՝ ծնողներից կաշառք-փող պահանջելու նպատակով։ Այդպիսի այլանդակ երեւույթներն ստիպում էին զորակոչի ենթակա զինակոչիկների ծնողներին, նույնիսկ կաշառքի միջոցով, իրենց որդիներին ծառայության ուղարկել Հայաստանում տեղակայված ռուսական զորամասեր, մտածելով, որ այնտեղ ավելի բարվոք է։ Այդ էր պատճառը, որ Կարինեն զօր ու գիշեր աղոթում ու արտասվում էր, որ «արտասուքների դիմաց» որդին զորակոչվի ռուսական զորամաս։ Եվ այդ արցունքները տվեցին իրենց «ցանկալի արդյունքները»։ Նրա որդին՝ Օնիկը, առանց «միջնորդավճարի» զորակոչվեց Գյումրիի ռուսական զորամաս, հաջողությամբ ծառայեց ու վերադարձավ տուն։

Երբ Վահրամը հասավ զորակոչի տարիքի, կես կատակ, կես՝ լուրջ, խնդրում էր Կարինեին, որ մի քիչ էլ իր զորակոչվելու հաջողության համար արտասվի։

-Քո լացն «իր նպատակին է հասցնում բոլոր ցանկություններդ», Կարինե ջան,- խնդրանքն ավարտում էր որդիս։ Բոլորս ծիծաղում էինք։

Վահրամը նույնպես, շատ պատահականորեն, ծառայության անցավ Հոկտեմբերյանում տեղակայված ռուսական անիծյալ զորամասում։ Անիծյալ, քանի որ հետագայում պարզ դարձավ, որ այնտեղ էլ իր անթույլատրելի թերություններն ու աղաղակող խախտումները կային։ Եվ ոչ միայն…

Սակայն այս մասին ավելի ուշ։

… 2023 թ. դեկտեմբերի 7-ին, Կարինեն ինձ ու կնոջս ուղեկցեց գերեզմանոց։ Այնտեղ, մեր զոհվածների շիրիմների մոտ կանգնած, անձայն արտասվում էինք։ Այդ պահին Կարինեն հեռախոսազանգ ստացավ։ Նա շշուկով զրուցելուց հետո, սկսեց փղձկալ ու աղիողորմ արտասվել։

-Կարինե ջան, արդեն երեսունհինգ տարի է անցել, մի քիչ զսպիր քեզ,- ջանում էի հանգստացնել նրան։ Սակայն Կարինեի «ցավն ուրի՜շ էր»։ Հեռախոսով, «շշուկների միջոցով ստացածը», թրատել էր նրա սրտի պատերն ու խելագարության արցունքներով լցրել հոգեկան աշխարհը…

Իսկ Կարինեի «ցավը» բոլորինս էր, որի մասին ես ու կինս դեռեւս անտեղյակ էինք։

… Սարգսի կնոջ՝ Տաթեւիկի հորդորներով, Վահրամը նոյեմբերի վերջերին այցելել էր գաստրոսկոպիայի, որի փորձաքննությունից պարզվել էր, որ սոսկալի հիվանդությունն արդեն դարձել է անբուժելի։ Այդ մասին բժիշկը նույն պահին հայտնել էր որդուս։

Դեկտեմբերի մեկին, Գերմանիայում տեղեկանալով Վահրամի անբուժելի հիվանդության մասին, Սարգիսն շտապ թռել էր Երեւան, նրան տեղափոխել հիվանդանոց, կրկնակի փորձաքննության ենթարկել եղբորը, իմացել անհույս վիճակի մասին։ Դրանից հետո, կեսգիշերին եկել էր Սպիտակ, Կարինեի տուն, հայտնել կատարվածն ու միասին ողջ գիշերը լալահառաջ ողբացել ու աչք չէին փակել։

Իսկ գերեզմանոցում Կարինեին զանգողը Վահրամն էր եղել։ Հարցրել էր.

-Կարինե, որտե՞ղ ես։

-Այսօր դեկտեմբերի 7-ն է։ Էլ որտե՞ղ պիտի լինեմ, եթե՝ ոչ, գերեզմանոցում։

-Դե իմ համար էլ մի լավ լաց կլինես, Կառա ջան,- ասել ու անջատել էր հեռախոսը։

Վերահաս, ամենասոսկալի ողբերգությունը «թակում էր մեր դուռը», իսկ մենք դեռ ոչնչից տեղյակ չէինք…

Ս. ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
25.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031