Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատված այդ հատվածում Ալիեւը չի գնա ագրեսիայի, բայց այլ հատվածներում կփորձի ագրեսիա կիրառել եւ հիմքեր ստեղծել սահմանի այլ հատվածների համար»

Մայիս 27,2024 14:30

Ըստ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ Իրանում ներքաղաքական սրման, Իրանի իշխանական բուրգի փլուզման որեւէ նախադրյալ այս պահին տեսանելի չէ։

-Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաեւը հայտարարել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի եւ Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։ Նա նաեւ ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը, այս կորուստների ֆոնին Ձեզ համար անվտանգային երաշխիքներ տեսանելի՞ են։

-Իհարկե, Ադրբեջանի կողմից 100 տոկոս անվտանգային երաշխիքների հավատալու որեւէ հիմք չունի ՀՀ-ում որեւէ մեկը՝ այդ թվում վարչապետ Փաշինյանը, որը կիրանցիների, ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նման պայմաններում 60 տոկոսով է երաշխավորված սահմանային այդ հատվածի անվտանգությունը։ Բայց մի բան ակնհայտ է, որ եթե Ադրբեջանն այսքանից հետո սահմանի այդ հատվածում ինչ-որ ագրեսիա սկսի, այդ պայմաններում արդեն միջազգային հակադարձման է արժանանալու, որովհետեւ նախկինում արեւմուտքը՝ մանավանդ ԱՄՆ-ն հստակ Ադրբեջանին հասկացնել են տվել, որ Հայաստանի վրա հարձակումն Ադրբեջանի վրա թանկ է նստելու։ Եվ Ադրբեջանն էլ, Ալիեւն էլ միջազգային հանրությանն ասում էին, որ տեսեք՝ բոլոր քարտեզներով Տավուշի սահմանի այդ հատվածը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հատված է, եւ հենց այդ հիմքով էլ այսպես շանտաժի է ենթարկում ՀՀ իշխանություններին, ահաբեկման քաղաքականություն էր տանում։ Բայց հիմա, երբ փորձի սահմանի՝ գոնե այդ հատվածում դիմել ագրեսիայի, արդեն նա որեւէ հիմք չի ունենալու դրա համար. այդ դեպքում միջազգային կոշտ արձագանքներն անխուսափելի են լինելու։ Նախկինում նա ասում էր՝ ես ՀՀ-ի վրա չեմ հարձակվում, այլ փորձում եմ Ադրբեջանի տարածքները հետ վերցնել, նաեւ միջազգային հանրությանն ասում էր՝ բացեք բոլոր քարտեզները եւ կտեսնեք, որ այդ չորս գյուղերն Ադրբեջանի տարածք են։ Հիմա ՀՀ իշխանություններն իրենց քայլերով փորձում են նվազեցնել ռիսկերն այդ հատվածում։ Կգնա՞ Ալիեւն այդքանից հետո նոր ագրեսիայի, իմ կարծիքվ սահմանազատված այդ հատվածում՝ ոչ, բայց այլ հատվածներում կփորձի ագրեսիա կիրառել եւ կփորձի հիմքեր ստեղծել սահմանի այլ հատվածների համար։

-Ի՞նչ ակնկալել Բիշքեկում ԱՊՀ երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների հանդիպումից։

-Ակնկալիք չունեմ, որովհետեւ ԱՊՀ երկրների մեծ մասը՝ այդ թվում նաեւ ՀԱՊԿ երկրների մեծ մասը, ՀՀ-ի նկատմամբ ինչ-որ դաշնակցային տրամադրվածություն չունեն, եթե ոչ՝ բոլորը։ Այս հանդիպումները ՌԴ-ն սովորաբար կազմակերպում է, որ ԱՊՀ երկրները միասին հակադրվեն արեւմուտքին։ Նախորդ տարի էլ նման հանդիպում եղավ, եւ դրա ընթացքում քննարկվում էր, թե ինչպես համատեղ միջոցներով հակազդեն գունավոր հեղափոխություններ իրականացնելու՝ արեւմտյան փորձերին։ Նախորդ տարվա հանդիպումը նմանատիպ խորագրով էր, եւ հիմա էլ ինչ -որ նմանատիպ բաներ փորձելու են կազմակերպել ռուսները, եւ որեւէ ակնկալիք մեր օգտին այդ հանդիպումից ես չունեմ։

-Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունն արեց՝ մեղադրելով ՀԱՊԿ երկու անդամ երկրների Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու հարցում։ Ռուսական կողմից հնչում են կարծիքներ՝ եթե Արեւմուտքն այդքան հուսալի քաղաքական ու արդեն անվտանգային գործընկեր է Հայաստանի համար, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ։ Սա Ձեզ համար հասկանալի՞ է։

-Ինձ համար հասկանալի է. ՀՀ-ն դեռեւս ՀԱՊԿ-ից դուրս գալու համար վախենում է, որ կարող է դա ՀՀ-ի համար նոր խնդիրներ ստեղծել ՌԴ-ի կողմից, եւ հենց այդ նկատառումներից ելնելով՝ դեռեւս ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ մանավանդ, որ ՌԴ-ն դեռ մեծ ուժ ունի ՀՀ-ին տարբեր ձեւաչափերով վնասներ հասցնելու։ Կարծում եմ՝ այս պահին իշխանությունը ճիշտ է անում, որ դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, միգուցե այս պահին չէ պատեհ պահը, բայց ես վստահ եմ, որ հարմար առիթի դեպքում ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից։ Պարզապես ամեն ինչ պետք է արվի ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում։ Հավանաբար ռուսական վտանգը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի գնում այդ քայլին ու դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։

-Իրանի նախագահի հետ տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների՝ մասնավորապես Հայաստանի վրա։

-Որեւէ ազդեցություն չեմ տեսնում, որ կարող է լինել տարածաշրջանի հետ կապված։ Իրանում իրական իշխանությունը պատկանում է առաջնորդ Ալի Խամենեին, որը լիովին վերահսկում է իրավիճակը, ուժային կառույցները նրան են ենթարկվում. այսինքն՝ որեւէ հեղաշրջման կամ արտաքին ազդեցության նախադրյալներ չեմ տեսնում։ Առանց որեւէ մեծ խոչընդոտի՝ նրանք նոր նախագահական ընտրություններ կանցկացնեն, եւ մոտ մեկուկես ամիս հետո Իրանը կունենա նոր նախագահ։ Իրանում ներքաղաքական սրման, Իրանի իշխանական բուրգի փլուզման որեւէ նախադրյալ այս պահին ես չեմ տեսնում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031