«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ կոչ էր արել այսօրվանից խաղաղ անհնազանդության գործողություններ սկսել հանրապետության տարածքում։ Այսօր առավոտվանից քաղաքացիներն արդեն ճանապարհներ են փակել։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում քաղաքացիներին։ Երեւանի կենտրոնում փողոցները կաթվածահար վիճակում են։
Բագրատ սրբազանը կոչով դիմեց հանրությանը․ «Մեր գործողություններով պետք է ցույց տանք այս մարդկանց, որ մենք ընդհանրապես ոչ միայն համաձայն չենք, այլեւ իրենց քաղաքական գոյությունը վայրկյան առաջ ուզում ենք տեսնել հեռացած։ Եվ պետք է ավելիով ներգրավված լինենք, եւ առիթն օգտագործելով՝ դիմում եմ բոլորին, ովքեր տներում են, աշխատավայրերում են։ Ձեր գործողությունները կատարեք՝ խաղաղ անհնազանդության գործողությունները։ Մի կատարեք այս մարդկանց ապօրինի հրահանգները, թելադրանքները եւ դրանից ածանցված գործողությունները։ Այս մարդը՝ առավոտից վախեցած, տասնյակ տարբեր բերետավորներ է ուղարկում, որ իրեն պաշտպանեն, ուրիշ բան չունի անելու, որեւէ միջոց չունի։ Ընդամենը մի քանի օրվա պատմություն է, իրենց ասած հենարանը ուղղակի փլելու։ Հետեւաբար, որեւէ մեկը թող չվախենա, պասիվ չլինի, մենք ուղիղ կերպով առաջ ենք գնում եւ հասնելու ենք մեր նպատակի իրականացմանը»։
Բագրատ սրբազանն ասաց, որ սա քաղաքական հարց չէ, լուծումը քաղաքական է, բայց գործընթացը ազգային-ազատագրական է։ Նա խաղաղ անհնազանդության գործողություններ անող անձանց կոչ արեց շարունակել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ