Սպասվում է, որ մինչ 2030 թ․-ը մինչև 50 տարեկան անձանց շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) դեպքերը կրկնապատկվելու են։
Ցավոք, կոլոռեկտալ քաղցկեղը երկար ժամանակ կարող է անախտանիշ ընթանալ, իսկ առաջնային ախտանշաններից մեկը կարող է լինել արյունահոսությունը։ Սակայն սկզբում այն կարող է լինել փոքր քանակներով, ժամանակ առ ժամանակ, իսկ արյան հետքեր կարող են հայտնաբերվել միայն կղանքի քիմիական անալիզի ժամանակ։
Երբ ուռուցքները մեծանում են, դրսևորվում են նաև մյուս ախտանշանները, որոնք են՝
- Մարսողական փոփոխություններ. փորկապություն, փորլուծություն, անկղապահություն․ թեև այս խնդիրները կարող են հուշել նաև ոչ այնքան լուրջ հիվանդությունների մասին, սակայն սրանք նաև կոլոռեկտալ քաղցկեղի նախանշաններ են համարվում։
- Արյուն կղանքում․ անխոս, սա ախտանշաններից առավել տագնապալին է և հուշում է կոլոռեկտալ քաղցկեղի մասին, սակայն ոչ բոլոր դեպքերում․ ռեկտալ արյունահոսություն կարող են առաջացնել նաև այլ պատճառները՝ թութքը, խոցերը, խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը և այլն։
Կղանքի գույնի փոփոխությանը կարող է նպաստել նաև երկաթի հավելումների ընդունումը կամ բազուկի օգտագործումը, որը երբեմն թյուրիմացությունների տեղիք է տալիս։ Ամեն դեպքում կղանքի մեջ արյուն նկատելուն պես պետք է դիմել բժշկին՝ առողջական լուրջ խնդիրները հերքելու կամ ախտորոշելու և պատշաճ բուժում ստանալու համար։ - Սակավարյունություն, որի պատճառները հստակ չեն։
- Անսովոր ցավ որովայնում, գազեր,
- Քաշի անբացատրելի կորուստ,
- հոգնածություն,
- փսխում։
Կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող պացիենտի համար վաղ ախտորոշումը կարող է ճակատագրական լինել և փրկել նրա կյանքը, ուստի ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում իրականացվում է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սքրինինգ, և 45-55 տարեկանից սկսած հատկապես տղամարդկանց խորհուրդ է տրվում անցնել այդ սքրինինգը, որն կատարվում է կոլոնոսկոպիայի միջոցով՝ ադենոմաների վաղ հայտնաբերման, քաղցկեղի կանխարգելման նպատակով։ Ինչպես հայտնի է, կոլոռեկտալ ադենոմատոզ պոլիպները քաղցկեղի զարգացման ռիսկի գործոններ են համարվում։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով Հայաստանի մի քանի բուժհաստատություններում 50-75 տարիքային խմբում իրականացվում է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հետևյալ բուժհաստատություններում․
- ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,
- Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում»,
- Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,
- Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,
- Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում»,
- Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում»:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ